Home / Հայաստան / ՀՀ քաղաքացին երկրից դուրս անձնագիր է ստացել. հարուցված քրգործը վարույթ է ընդունվել

ՀՀ քաղաքացին երկրից դուրս անձնագիր է ստացել. հարուցված քրգործը վարույթ է ընդունվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործը: Ինչպես հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությամբ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ուղարկվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն դիմած Ալբերտ Ս.-ի անձնագրի իսկությունը ստուգելու վերաբերյալ հարցումը: 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ալբերտ Ս.-ի անվամբ լրացված ՀՀ քաղաքացու անձնագրի դիմում «Անձնագրային գործողությունների վերաբերյալ» քարտի վրա եղած կլոր կնիքի և ուղղանկյուն դրոշմակնիքի դրոշմները չեն համապատասխանում պետական մարմնի կողմից օգտագործվող կլոր կնիքի և ուղղանկյուն դրոշմակնիքի դրոշմների նմուշներին:

Բացի դրանից, պարզվել է նաև, որ Ալբերտ Ս.-ն, չգտնվելով Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքից անձնագիր է ստացել: