Home / Տեսանյութեր / Հայկ Կյուրեղյանը դատարանում դարձյալ ոտքի չկանգնեց․ հայրն արդարացնում է որդու որոշումը

Հայկ Կյուրեղյանը դատարանում դարձյալ ոտքի չկանգնեց․ հայրն արդարացնում է որդու որոշումը

Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համախոհ Հայկ Կյուրեղյանի գործով երկրորդ դատական նիստն ընթացել է առաջինի սցենարով։ Ամբաստանյալը «Ոտքի, դատարանն է գալիս» խոսքերից հետո չի կանգնել, ինչի համար նկատողություն է ստացել նախագահող Արմեն Բեկթաշյանի կողմից: Նախորդ նիստի օրինակով այս անգամ էլ մեղադրյալի պաշտպան Արա Զաքարյանը չէր ներկայացել դատարան: Դատավորի խոսքով՝ եթե պաշտպանն առանց դատարանին պատշաճ տեղեկացնելու երեք անգամ բացակայի, Կյուրեղյանը ստիպված կլինի կամ հրաժարվել պաշտպանից, կամ նոր պաշտպան ընտրել: Այս նիստին, ինչպես և նախորդ անգամ, Կյուրեղյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է նիստերը շարունակել առանց պաշտպանի:

Քանի որ այդ հայտարարությունը նա ևս նստած է արել, դատավորն ասել է, որ «ամբաստանյալի անհարգալից վերաբերմունքին» ինքը հետագայում կանդրադառնա, և նիստը հետաձգել է մինչև դեկտեմբերի 17-ը, 12.00-ն:

Նիստից հետո անդրադառնալով իր որդու պահվածքին՝ Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, լրագրողներին ասել է, որ իր որդին սկզբունքայնություն է դրսևորում և չի կանգնում, որովհետև դատարանի հանդեպ հարգում չի տածում:

Նշենք, որ հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին Կյուրեղյանը տեղեկացրել էր ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանին։

Այնուհետև գործի շրջանակներում տրված ցուցմունքում Կյուրեղյանը պատմել էր, որ ոստիկաններն իրեն ծեծել են նախ ավտոմեքենայի մեջ, երբ տեղափոխում էին Ոստիկանության Կենտրոնի բաժին և երբ իր ձեռքերին ձեռնաշղթաներ էին հագցված, ապա նաև ոստիկանության բաժնի երկու տարբեր սենյակներում, ընդ որում՝ այդ անգամ բռնությունները կիրառվել են ոչ միայն համազգեստով ոստիկանների, այլև քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Բռնությունների մասով հարուցված քրեական գործը կարճվել է։