Home / Տեսանյութեր / ԵՏՄ֊ին միանալու պայմանագիրը մոտ 20 պատգամավորի էր հետաքրքրել

ԵՏՄ֊ին միանալու պայմանագիրը մոտ 20 պատգամավորի էր հետաքրքրել

ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարեյանն այսօր ԱԺ-ում ներկայացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Պայմանագրի քննարկմանը, սակայն, ներկա էր ընդամենը 17 պատգամավոր: Մոտավորապես նույն թվով քաղաքացիներ նույն ժամին ԵՏՄ֊ին անդամակցելու դեմ բողոքի ակցիա էին անցկացնում ԱԺ շենքի դիմաց: Մոտ 2 տասնյակ մարդ էլ ԱԺ֊ի մոտ ԵՏՄ֊ի դեմ մեկ այլ բողոքի ակցիա էր անցկացրել ժամը 13.30-ին:

Ամեն դեպքում, դահլիճում ներկա պատգամավորները Հայաստանի անդամակցության վերաբերյալ հարցեր ունեին: Մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրել է՝ Հայաստանի կնքած միջազգային պայմանագրերից որո՞նք են հակասելու ԵՏՄ֊ին միանալու համաձայնագրին։

Կարեյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը հակասում է մինչ այժմ ՀՀ կողմից ընդունված միայն մեկ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու մասին համաձայնագրին։ Այդ պայմանագրով Հայաստանը որոշակի պարտավորություններ էր ընդունել, որոնք այլևս չի կարող իրագործել:

«ՀՀ-ն պարտավորվում է ԵՏՄ միացյալ մաքսային դրույքաչափ ունենալ, ինչը նշանակում է, որ որոշ ապրանքների համար ՀՀ դրույքաչափերը կլինեն ավելի բարձր, քան մենք պարտավորվել ենք Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ», – ասել է Կարեյանը:

ԵՏՄ֊ի պայմանագրի քննարկումը շարունակվելու է վաղը: