Home / Տեսանյութեր / Պատգամավորը ԱԺ֊ում տարածում էր Հայրիկյանի կոչը․ դրսում բողոքում էին ԵՏՄ֊ի դեմ

Պատգամավորը ԱԺ֊ում տարածում էր Հայրիկյանի կոչը․ դրսում բողոքում էին ԵՏՄ֊ի դեմ

Ոչ մի պարկեշտ մարդ չի կարող քվեարկել այս այլանդակության համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովի մոտ հայտարարել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի մասին, որն ընթացիկ քառօրյայում քննարկվում է խորհրդարանում։ Հայրիկյանն իր մի քանի աջակիցների հետ միացել էր ԵՏՄ֊ի դեմ բողոքի ակցիա անցկացնող մի խումբ քաղաքացիներին, որոնք երեկ էլ էին հավաքվել ԱԺ֊ի մոտ։

Նրա խոսքով՝ ԵՏՄ֊ին անդամակցելն էլ ավելի վտանգավոր է՝ հաշվի առնելով տնտեսական կործանման եզրին կանգնած Ռուսաստանի վիճակը։ Հայրիկյանի համախոհներն իրենց հետ պաստառ էին բերել, որի վրա գրված էր՝ «Ոչ պարտադրվող «СССР» «Մաքսային» միությանը»։

ԱԺ֊ի մուտքի մոտ հավաքված մոտ 3 տասնյակ քաղաքացիներ ներս մտնող պատգամավորներին հորդորում էին չքվեարկել ԵՏՄ֊ի պայմանագրի օգտին՝ ժամանակ առ ժամանակ վանկարկելով «դավաճաններ» և «ազատ, անկախ Հայաստան»։

Հայրիկյանի աջակիցները նաև թռուցիկներ էին բաժանում, որոնց վրա նշված էր՝ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է Հայաստանը ռուսական կայսերապաշտության խաղալիքի վերածելու իր դավադրությանը մասնակից դարձնել Հայաստանի բարձրագույն ներկայացուցչական մարմնի անդամներին»։

Պատգամավորներին կոչ անելով չքվեարկել ԵՏՄ֊ին անդամակցելու օգտին՝ ԱԻՄ֊ը նշում է․ «Եթե ամիսներ առաջ մեր նախազգուշացումներն անհասկանալի կամ անառարկայական՝ անհիմն էին թվում, ապա այսօր՝ ռուբլու աղետալի արժեզրկման, Բելոռուսիայի և Ղազախստանի հետ ծագած բացահայտ հակամարտության, Ռուսաստանի ազգային պետական ունեցվածքն աճուրդի հանելու, Ադրբեջանին զենք մատակարարելու և նրա ռազմատենչությունը հովանավորելու պայմաններում, երբ արդեն անառարկելի է, որ այդ մերձեցման հետևանքով Հայաստանում աննախադեպ գնաճ է սկսվում, ցանկացած բանական մարդու համար պետք է ակնհայտ լինի, որ հրամայական անհրաժեշտություն է պուտինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները չափավորելը․․․

․․․ Դուք նախազգուշացված եք և այս նախազգուշացմամբ զրկվում եք ապագայում մեղմացուցիչ հանգամանքներից, իսկ որ հայրենիքի դավաճաններին դատարան է սպասվում, կարող եք չկասկածել»։

Այն ժամանակ, երբ Հայրիկյանը իր դիրքորոշումն էր ներկայացնում լրագրողներին ԱԺ֊ի մուտքի մոտ, դահլիճում մեկնարկել էր պայմանագրի քննարկումը։ Մինչ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարեյանը պատասխանում է պատգամավորների հարցերին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ԱԺ նիստերի դահլիճում բաժանում էր ԱԻՄ֊ի թռուցիկները։

«Դադարեցրեք ձեր ապօրինի գործունեությունը», – Փոստանջյանին հորդորում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Չնայած դրան պատգամավորը շարունակում է տարածել թղթերը: Երբ Փոստանջյանը մի թերթիկ էլ տվեց Գալուստ Սահակյանին, վերջինս ասաց. «Էս արդեն բեսպրեդելն ա, ուրախացեք»: