Home / Հայաստան / Ռուսաստանն ավելի վտանգավոր է, քան Իսլամական պետությունը. պատգամավորը՝ ԵՏՄ֊ի մասին

Ռուսաստանն ավելի վտանգավոր է, քան Իսլամական պետությունը. պատգամավորը՝ ԵՏՄ֊ի մասին

Միջազգային խոշորագույն ներդրողների շրջանում անցկացված հարցման մասնակիցների 52%-ը Ռուսաստանը համարում է համաշխարհային ֆինանսական շուկաների թիվ 1 սպառնալիքը, այն դեպքում, երբ Իսլամական պետությունը (ԻՍԻԼ ահաբեկչական կազմակերպությունը) սպառնալիք է համարում 26%-ը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։

«Մաքսային միության մեջ այդ նույն Ռուսաստանը` դոմինանտ երկիրը, «Ռոսսելխոսնադդզորի» միջոցով արգելում է ընկերություններին մթերք մատակարարել, մեկ այլ որոշմուվ`սահմաններում մաքսային զննումներ է կատարում: Որևէ հեռանկարային զարգացում չենք տեսնում: Ինչպես եք պատկերացնում, որ այս պայմաններում որևէ մեկը ներդրումներ անի Հայաստանում: Որովհետև նախ Ռուսաստանը սպառնալիք է, երկրորդ՝ ցանկացած պահի ցանկացած մարմին կարող է ընդունել որոշում, որը հակասում է ամենաբարձր մակարդակի կոլեգիալ մարմիններում ընդունված որոշումներին», – ասել է նա:

Ի պատասխան` Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն ասել է, որ ներդրումների համար ամենակարևոր հանգամանքներից մեկը գործարար միջավայրի բարելավման հեռանկարն էր:

«Ընդամենը հնարավորություններ է ստանում, ավելի լայն հնարավորություններ, քան այսօր կան»,- կարծիք է հայտնել Կարայանը:

Ալեքսանդր Արզումանյան արձագանքել է, որ զեկուցողն ինչ ասես չի ասել, բայց ոչ մի հարցի այդպես էլ չի պատասխանել: