Home / Հայաստան / Հայաստանի ու Ադրբեջանի միջև սադրանքներ չկան, կա պատերազմ․ կարծիք

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սադրանքներ չկան, կա պատերազմ․ կարծիք

Հայկական ուղղաթիռի հետ կապված՝ հասարակության շրջանում ստեղծված իրավիճակն ընկալելու բավական պարզունակ մոտեցում է ձևավորվել։ Իրավիճակն այնպես է ներկայացվում, թե մինչ այդ ոչ ադրբեջանական, ոչ հայկական կողմից ուղղաթիռներ չէին թռչում։ Եվ ահա «մի հրաշալի օր» հայկական կողմից ուղղաթիռ եկավ՝ սադրելու (հետախուզում իրականացնելու) նպատակով, ու դա թույլ չտալու համար ադրբեջանական կողմը խոցեց այն։ Vesti.az լրատվականի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ Ալեքսանդր Պերենջիևը։

«Կրակի գծում երկու կողմից մշտապես հետախուզում է անցկացվում, հակառակորդի դիրքերի ուղղությամբ տարբեր լարվածության կրակային ազդեցություն իրականացվում։ Այդ նպատակով ռազմական տեխնիկա է կիրառվում, այդ թվում՝ մարտական ուղղաթիռներ։ Բնական է, որ կրակային ազդեցության ընթացքում կարող է վնասվել կամ ոչնչացվել ռազմական տեխնիկա, կարող են վիրավորվել կամ սպանվել զինծառայողներ»,֊ ասել է Պերենջիևը։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ ուղղաթիռի խոցման միջադեպը «Ադրբեջանի ու Հայաստանի միջև շարունակվող մարտական գործողությունների սովորական դեպք է»։ «Միայն թե այդ գործողություններն առայժմ ցածր ինտենսիվությամբ են ընթանում։ Այդ մասին, սակայն, չգիտես՝ ինչու ընդունված չէ խոսել զանգվածային լրատվամիջոցներում։ Ուստի, հայտնվում են նորություններ այս կամ այն կողմի «սադրանքների» մասին։ Ոչ մի սադրանք էլ չկա։ Ընթանում է պատերազմ, որը երկու կողմերից անվանում են հրադադարի ռեժիմի խախտում»։

Փորձագետը տվյալ իրավիճակը համեմատել է Ուկրաինայի արևելքում տեղի ունեցողի հետ․ «Այնտեղ խոսում են զինադադարի ռեժիմի, Մինսկի համաձայնագրի խախտման մասին։ Տեղի է ունենում, սակայն, նույնը՝ երկու կողմից կրակում են միմյանց ուղղությամբ»։

Անդրադառնալով տվյալ միջադեպի վերաբերյալ Կրեմլի արձագանքին՝ Պերենջիևը նշել է՝ արձագանքի բացակայությունը վկայում է այն մասին, որ կա տարբերություն հայ֊ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների ընկալման մեջ։

«Ավելի լավ է հարցնել՝ ըստ հայկական կողմի՝ Ռուսաստանի ղեկավարությունը ի՞նչ պետք է աներ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականի հոկտեմբերի 31֊ին բարձրաստիճան սպաների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ միջամտել որևէ դիմակայության։ Ռուսաստանի դաշնությունը Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերություններում չեզոքություն է պահպանելու՝ շարունակելով քայլեր ձեռնարկել պաշտոնական Բաքվի ու Երևանի հարաբերությունները բարելավելու ուղղությամբ՝ առանց բացահայտորեն որևէ մեկի կողմն ընդունելու»,֊ ասել է Պերենջիևը։