Home / Հայաստան / Ժողովուրդը վճարում է օլիգարխներին պահելու համար․ Զուրաբյանը՝ դրամի արժեզրկման մասին

Ժողովուրդը վճարում է օլիգարխներին պահելու համար․ Զուրաբյանը՝ դրամի արժեզրկման մասին

Դրամի արժեզրկումը կանխատեսված չէր ՀՀ իշխանությունների կողմից, ինչի մասին վկայում է 2015 թվականի բյուջեն, որտեղ դոլարը հաշվարկված է 411 դրամով: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«ՀԱԿ-ը բազմիցս խոսել է իշխող ռեժիմի վարած վատ դրամավարկային քաղաքականության մասին, որի հիմքը դրամի արհեստական արժեզրկումն է: Նման դրամավարկային քաղաքականությունը խեղդում է արտահանումը, մրցակցությունը: Այն շահավետ է միայն լայն սպառման ապրանքների ներկրմամբ զբաղվող և մենաշնորհների տիրացած օլիգարխների համար՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Դրամի արհեստական արժևորումները և դրանց հետևանքով տեղի ունեցած պարբերական փլուզումներն առաջացնում են թանկացումներ և արժեզրկում ժողովրդի նկատմամբ ստանձնած սոցիալական պարտավորությունները, նպաստները, աշխատավարձերը և այլն: Այսպիսով, ժողովուրդը կրկին վճարում է մի խումբ օլիգարխներին պահելու համար», – ասել է Լևոն Զուրաբյանը: 

Նշենք, որ այսօր հայաստանյան բանկերում 1 դոլարի փոխարժեքը կազմել է 450 դրամ, սակայն դոլարի վաճառքը բանկերի մեծ մասում սահմանափակ է եղել․ որոշ բանկերում 1 անձին չի վաճառվել 1000 դոլարից ավելի։ Փոխանակման կետերում 1 դոլարի վաճառքի գինը գերազանցել է 460 դրամը։