Home / Հայաստան / ՀՅԴ-ն չի կարող դեմ լինել. Արծվիկ Մինասյանը՝ ԵՏՄ պայմանագրի մասին

ՀՅԴ-ն չի կարող դեմ լինել. Արծվիկ Մինասյանը՝ ԵՏՄ պայմանագրի մասին

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալն ընդամենը ընթացիկ մի գործընթաց է և գոյություն ունեցող վիճակի դե֊յուրե ամրագրումն է: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«ՀՅԴ-ն չի կարող դեմ լինել», ֊ ասել է պատգամավորը:

Մինասյանը չի ընդունում ոչ այն կարծիքը, թե, ԵՏՄ-ին միանալով, Հայաստանը կործանվում է, ոչ էլ հակադիր կարծիքը, թե սրանով սկսվում է մի լուսավոր շրջան: Ըստ պատգամավորի՝ այդ որոշումն ընտրություն էր եվրոպական արժեքային համակարգի և ֆիզիկական անվտանգություն ունենալու միջև:

«Բնական է ֆիզիկական գոյությունն ընտրելը: Հարց է առաջանում՝ արդյոք դա (ԵՏՄ մտնելը) կերաշխավորի մեր անվտանգությունը: Բացարձակապես՝ ոչ: Բայց հակառակը, ԵՄ֊ի հետ պայմանագիր ստորագրելը վստահաբար կվնասեր անվտանգությանը: Սա է որոշման կայացման հիմքը»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Նա վստահություն է հայտնել, որ պայմանագրով նախատեսված արտոնություններով Հայաստանին ոչինչ չի տրվի, եթե հայաստանյան կողմը պրակտիկ գործողություններ չպահանջի:

«Սա առիթ է պահանջներ դնելու, այդ թվում նաև երկաթգծի վերաբացման մասին»,- ասել է նա: