Home / Տեսանյութեր / Բագրատյանը բացատրել է՝ ինչու ԵՏՄ֊ն տնտեսապես ձեռնտու չէ Հայաստանին

Բագրատյանը բացատրել է՝ ինչու ԵՏՄ֊ն տնտեսապես ձեռնտու չէ Հայաստանին

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ֊ին) միանալով՝ Հայաստանը զիջում է իր ինքնիշխանության մեկ երրորդը, և նման որոշում կարող է կայացվել միմիայն հանրաքվեով: Այսօր ԱԺ֊ում ԵՏՄ֊ի պայմանագրի քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ֊ի կազմի մեջ մտնելով՝ Հայաստանը էրոզիայի է ենթարկում Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունները և անցնում է ռեգիոնալ իմպերիայի մոդելին:

«Ցանկացած իմպերիա դա փոխանակություն է: Մի հատ ասեք՝ այստեղ (նկատի ունի ԵՏՄ-ն ֊ խմբ․) ով ինչ է փոխանակում: Խորհրդային միությունը պատահական չէր ստեղծվել. մեկը տունն էր կառուցում, մյուսը` տաքացնում էր, մյուսը` հաց էր բերում, Հայաստանին միշտ դեսերտը բերելու պատիվն էր տրվել: Բայց էսօր առանց Ուկրաինայի, առանց պարենամթերքի, հումքի չի կարող կայանալ այդ միությունը: Ես պարտավոր եմ զգուշացնել»,- ասել է Բագրատյանը:

Տնտեսագետի խոսքով՝ անտրամաբանական է նաև, երբ երկիրը համաձայնում է 2 տոկոսանոց միջին մաքսատուրքից անցնել 8 տոկոսանոց մաքսատուրքի:

«Կորսված հնարավորություններն ավելի մեծ են, քան օգուտները։ Դուք մենակ օգուտներից եք խոսում», – դիմելով ԵՏՄ֊ին միանալու պայմանգրի աջակիցներին՝ ասել է Բագրատյանը։ Նա ընդգծել է, որ այդ կորսվածի համար Հայաստանը պետք է փոխհատուցում պահանջեր:

Պատգամավորը հրապարակել է 2010-2014 թվականների մի քանի տնտեսական ցուցանիշներ, որոնք ընդգծում են, թե ինչ փոփոխություններ են կրել Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի տնտեսությունները Մաքսային միությունում: Մասնավորապես, ըստ պաշտոնական տվյալների, այս չորս տարիներում Բելառուսի տնտեսության աճը 7.7 տոկոսից դարձել է 1.2 տոկոս: Ռուսաստանինը՝ 4.5 տոկոսից դարձել է 0.8: Ղազախստանում 7.3 տոկոսանոց աճը նվազել է՝ հասնելով 3.9 տոկոսի: