Home / Հայաստան / Մեքենաների հրկիզումների դեպքերով կզբաղվի Երևանի քննչական վարչությունը

Մեքենաների հրկիզումների դեպքերով կզբաղվի Երևանի քննչական վարչությունը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ «Նախախորհրդարանի» անդամների ավտոմեքենաների հրկիզումների դեպքերի առթիվ հարուցված 7 գործերը վարչական շրջանների քննչական մարմիններից տեղափոխվել ու կենտրոնացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Հրկիզումները տեղի են ունեցել նոյեմբերի 27-ի գիշերը` Երևանի տարբեր վարչական շրջանների տարածքում:

«Նախախորհրդարան» շարժման մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ ոստիկանությունը հրկիզված 7 մեքենաների գործերը համարում է իրար հետ կապ չունեցող և առանձին է քննում:

«Մենք համարում ենք, որ մեկ քրեական գործ պետք է հարուցվեր, քանի որ ակնհայտ է, որ մեքենաների հրկիզումը մի ծրագրով է արվել»,- ասել էր Վարուժան Ավետիսյանը

Լուսանկարում՝ ակտիվիստ Կարեն Հարությունյանի հրկիզված ավտոմեքենան