Home / Հայաստան / ՍԴ. Մաքսային արժեքը որոշելիս մարդկանց ներկայացրած տեղեկությունները հավաստի են

ՍԴ. Մաքսային արժեքը որոշելիս մարդկանց ներկայացրած տեղեկությունները հավաստի են

Մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար մարդկանց կողմից ներկայացրած տեղեկությունները հավաստի են ու արժանահավատ, եթե մաքսային մարմինը չի ապացուցել հակառակը: News.am-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել ՀՀ սահմանադրական դատարանը: 
Դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը քննության էր առել ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման գործընթացի հետ առչնվող Մաքսային օրենսգրքի որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ գործը: 

Դատարանի դիրքորոշման համաձայն՝ ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի որոշման ընդհանուր կանոնը գործարքի գնի մեթոդն է, իսկ մաքսային արժեքի որոշման մյուս մեթոդները՝ բացառություն են ընդհանուր կանոնից: Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ պրակտիկայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ապրանքի մաքսային արժեքի որոշման` հիմնական կանոնը՝ գործարքի գնի մեթոդը, փաստացի դարձել է բացառություն, իսկ բացառություն հանդիսացող այլ մեթոդները՝ հիմնական: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Սահմանադրական դատարանը որոշել է, որ մաքսային մարմինը, մաքսային արժեքի չափի կամ որոշման մեթոդի վերաբերյալ անհամաձայնության դեպքում, պարտավոր է դրա մասին կայացնել պատճառաբանված եզրակացություն և/կամ որոշում, և անկախ հայտարարատուի գրավոր կամ բանավոր պահանջից՝ պետք է վերջինիս տրամադրի համապատասխան եզրակացությունը և/կամ որոշումը:

Միաժամանակ դատարանը արձանագրել է, որ չնայած մաքսային օրենսգրքում առկա որոշակի շփոթությանը՝ մաքսային մարմինների կողմից ընդունած նշյալ ակտերը բոլոր դեպքերում պետք է լինեն բողոքարկելի: