Home / Հայաստան / Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Գործով անցող մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ կայացվել է 1-6 տարվա ազատազրկման դատավճիռ:

Մեղադրանքի համաձայն՝ Վազգեն Խաչիկյանը, 2005թ. հունվարի 14-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 17–ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:

Ինչպես հաղորդում է yerkir.am կայքը, ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գևորգյանը, Վահագն Խաչատրյանը դատապարտվել են 5,5 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելին, քան մոտ 261 միլիոն դրամը:

Մյուս ամբաստանյալները դատապարտվել են 4-4,5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, սակայն դատարանը, կիրառելով Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, ազատազրկման տեսքով պատիժը չեղյալ համարեց՝ նշանակելով պայմանական ազատազրկում՝ 1 տարի փորձաշրջանով: