Home / Հայաստան / Շատ կարտոֆիլ բարձր գնով․ մասնագետին զարմացնում են նախարարության թվերը․ «Ժողովուրդ»

Շատ կարտոֆիլ բարձր գնով․ մասնագետին զարմացնում են նախարարության թվերը․ «Ժողովուրդ»

Մինչ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շարունակում է հայտարարել, որ այս տարի կարտոֆիլի արտդրությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է, այս ընթացքում «Հայաստանի ագրոգյուղացիական միավորում» ՀԿ֊ի նախագահ Հրաչ Բերբերյանը հակառակն է պնդում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Վերջինիս խոսքով՝ այս տարի Շիրակի մարզում ոռոգման ջուր չունենալու հետևանքով մարդիկ չկարողացան կարտոֆիլ մշակել, ինչն էլ իր բացասական հետևանքն ունեցավ հանրապետության կարտոֆիլի արտադրության ցուցանիշի վրա։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2013 թվականին Հայաստանում կատարվել է կարտոֆիլի 30 հազար 680 հա ցանքս, իսկ 2014 թվականին՝ 31,549 հա։ Նույն պետական կառույցի տվյալներով՝ այս տարի հանրապետությունում արտադրվել է 691 հազար տոննա կարտոֆիլ, իսկ նախորդ տարի՝ 660 հազար 500 տոննա։ Սակայն Հրաչ Բերբերյանին զարմացնում է այդ թիվը։ Մասնագետի տվյալներով՝ այս տարի կարտոֆիլի արտդարությունը նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով նվազել է։

Բերբերյանը նաև անդրադարձել է կարտոֆիլի արտահանման մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տվյալներին, համաձայն որոնց այս տարեսկզբից մինչ օրս Հայաստանից արտահանվել է մոտ 21 հազար 100 տոննա կարտոֆիլ, իսկ նախորդ տարի նոյեմբերի տվյալներով կազմել է մոտ 11 հազար 700 տոննա։ Ըստ Բերբերյանի՝ այս տարվա արտահանված 20 հազար 600 տոննա կարտոֆիլը եղել է 2013 թվականի բերքը։ Հրաչ Բերբերյանի հաշվարկներով՝ նախորդ տարվա կարտոֆիլից մոտ 20 հազար տոննա արտահանվել է 2013֊ի աշնանը, իսկ մոտ 20 հազար տոննա՝ այս տարվա գարնանը։

Թերթը նշում է, որ բացի այն, որ այս տարի կարտոֆիլ քիչ կա նախորդ տարվա համեմատ, գնաճի պատճառով էլ ներքին շուկայում էլ գինն է սկսել բարձրանալ։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ կարտոֆիլի շուկայում այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 16 տոկոս գնաճ։ Մասնագետների պնդմամբ՝ կարտոֆիլի թանկացումն ուղիղ կապված է արտահանման ծավալների մեծացման հետ։ Մինչդեռ նախորդ տարվա նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին մեկ կիլոգրամ կարտոֆիլը վաճառվել է 80֊100 դրամով, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմում է 200֊250 դրամ։