Home / Հայաստան / Գյումրիում կրակել են փաստաբանի տան ուղղությամբ․ ԳԱԼԱ

Գյումրիում կրակել են փաստաբանի տան ուղղությամբ․ ԳԱԼԱ

Այսօր առավոտյան կրակել են Գյումրիում ճանաչված փաստաբան Թամարա Յայլոյանի տան ուղղությամբ: Գնդակները դիպչել են տան պատուհանին, կոտրվել են ապակիները: Թամարա Յայլոյանը բնակվում է Գյումրու Կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի հարևանությամբ, հայտնում է ԳԱԼԱ հեռուստաընկերության կայքը։

Կայքի հետ զրույցում փաստաբանը հաստատել է, որ կրակոցներ իսկապես եղել են, սակայն դժվարացել է ասել՝ արդյոք դրանք դիտավորություն են, թե ոչ: Նա նշել է, որ որևէ աղմկահարույց գործի պաշտպանությամբ ներկայում չի զբաղվում և կասկածներ չունի:

Գործով սկսել են զբաղվել իրավապահները: Կա վարկած, որ գնդակները, հնարավոր է, պատահաբար են դիպչել փաստաբանի պատուհաններին, օրինակ՝ թափառող շներին վերացնելու ժամանակ:

ԳԱԼԱ֊ն հիշեցնում է, որ 2013 թ․ ապրիլին Գյումրիում հնչած կրակոցներից հետո, երբ նա ներկայացրել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու շահերը, փաստաբանի նկատմամբ սկսել էին սպառնալիքներ հնչեցնել: Նա նաեւ հայտարարել էր, որ իրեն ոչ միայն սպառնացել են, այլև հրել և վիրավորանքներ են հասցրել Գյումրու ոստիկանության աշխատակիցները: