Home / Հայաստան / Հայաստանն ու արևմտյան պատժամիջոցները․ ՀՀԿ֊ականը Լավրովի խոսքերը չի մեկնաբանում

Հայաստանն ու արևմտյան պատժամիջոցները․ ՀՀԿ֊ականը Լավրովի խոսքերը չի մեկնաբանում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը չի մասնակցել որևէ քննարկման, որտեղ խոսք է գնացել Մաքսային միության անդամների կողմից Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին պատասխանելու հավանականության մասին: Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Մինասյանը՝ հրաժարվելով մեկնաբանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ այդ թեմայով հայտարարությունը:

Ավելի վաղ Լավրովն ասել էր, Մոսկվան չի բացառում, որ Մաքսային միության շրջանակներում կարող է անհրաժեշտություն առաջանալ պատասխանելու Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։

«Ես այդ հայտարարությունը չեմ քննարկել երբեք»,- նշել է Գագիկ Մինասյանը:

Պատգամավորը չի ցանկացել պատասխանել հարցին, թե ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ, եթե ԵՏՄ֊ին անդամակցելու հայտ ներկայացրած երկիրը, այնուամենայնիվ, միանա Արևումտքի դեմ հակապատժամիջոցներին:

«Դուք «Կիկոսի մահը» հեքիաթը կարդացե՞լ եք, կամ ձեզ համար մայրիկը կարդացե՞լ է: Դուք գիտե՞ք՝ ինչ է լինում, երբ մարդը մտավարժանքների մեջ է ընկնում: Հատկապես, եթե այդ մտավարժանքների հիմքը չկա: Չի կարելի խոսել մի բանի մասին, որը առարկայական չէ»,- հայտարարել է Մինասյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը, անգամ ԵՏՄ անդամ չդարձած, արդեն ռուս-արևմտյան դիմակայության մեջ է գտնվում:

Նրա խոսքով՝ թեև այժմ պատժամիջոցները կիրառվում են միայն Ռուսաստանի դեմ, և դրանց Հայաստանը չի պատասխանում, արդեն կրում է դրանց հետևանքները․ «ԵՏՄ-ով Հայաստանը կհայտնվի կրկնակի շրջքափակման մեջ: Մենք գիտենք, որ Թուրքիան է միակողմանի փակել սահմանը: Այժմ էլ, Վրաստանի հետ չունենալով ազատ տնտեսական գոտի, մենք կհայտնվենք կրկնակի շրջափակման մեջ»:

Պատգամավորը հիշեցրել է, որ դեկտեմբերի 4-ին հնչեցրած իր ելույթում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի մտադրությունները հակադրության մեջ են Արևմուտքի հետ:

«Այսինքն՝ այդ կոնֆլիկտը դեռ կխորանա և հետևանքներ կունենա նաև մեզ համար»,- ասել է Փոստանջյանը: