Home / Հայաստան / «Ոչ ֆորմալ»֊ը «Բելաջիոյում է»․ ինչո՞ւ է հայ֊ռուսական ակումբի նիստը ռուսերեն անցկացվում

«Ոչ ֆորմալ»֊ը «Բելաջիոյում է»․ ինչո՞ւ է հայ֊ռուսական ակումբի նիստը ռուսերեն անցկացվում

Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կայացած «Հայ֊ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի» նիստն անցկացվել է ռուսերեն լեզվով, և դա ՀՀ «Լեզվի մասին» օրենքի խախտում է։ Այս մասին այսօր ԱԺ֊ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դատապարտելով տեղի ունեցածը։

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ֊ական Արտակ Զաքարյանը հակադարձել է, թե ակումբի նիստը ոչ ֆորմալ բնույթ էր կրում։ «Ես էլ իմ սենյակում երեկ անգլերենով հարցազրույց եմ տվել», ֊ պատճառաբանել է Զաքարյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանը մեջբերել է Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանի խոսքերը, ով ասել է, որ նման դեպքերում, համաձայն օրենքի, պետք է ապահովվի ոչ հայերեն ելույթների հայերեն թարգմանությունը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ, իր հերթին, նշել է, որ «ոչ ֆորմալ» հանդիպումները կարող են «Բելաջիոյում» լինել, բայց ոչ Ազգային ժողովի շենքում։  

Նշենք, որ նախկինում է «Հայ֊ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի» նիստերը մշտապես ռուսերեն լեզվով են անցկացվել։