Home / Տեսանյութեր / Քաղաքական ենթատեքստ՝ անգամ երբ պատգամավորի ճնշումն է բարձր․ Մանուկյանի վրա հարձակման մասին

Քաղաքական ենթատեքստ՝ անգամ երբ պատգամավորի ճնշումն է բարձր․ Մանուկյանի վրա հարձակման մասին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի և Սուրեն Սարգսյանի վրա իրականացրած հարձակումները «բեսպրեդել» է որակել։ Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ իր, ինչպես և բոլորի մոտ, տպավորություն կա՝ այդ դեպքերն իրար հետ կապ ունեն։

«Պահանջում ենք՝ ոստիկանությունն ամեն ինչ անի, որ դեպքերը բացահայտվեն ու մեր կասկածները փարատվեն։ Փոխոստիկանապետն այնտեղ է, որպեսզի օրենքի տառը պաշտպանի, այլ ոչ՝ սպառնալիքներ հնչեցնի։ Անընդունելի ու անպատասխանատու հայտարարություն է»,֊ նշել է Արզումանյանը՝ մեկնաբանելով ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի խոսքերը։

Հարցին՝ արդյոք չի ցանկանում թիկնապահ ունենալ, պատգամավորը պատասխանել է, որ ծնվել ու մեծացել է Երևանում և թիկնապահի կարիք չունի։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Արզումանյանը կարծում է, թե Մանուկյանի վրա հարձակումը կապված է նրա՝ Սերժ Սարգսյանին հայհոյելու հետ․ «Չեմ ուզում հավատալ՝ Հայաստանում կարող է գոյություն ունենալ նախագահ, որ ընդդիմադիրներին պատժելու հրահանգ կտա», ֊ պատասխանել է պատգամավորը։

Հարցին, թե արդյոք Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում, Արզումանյանը պատասխանել է, որ եթե անգամ քաղաքական գործչի ճնշումն է բարձրացնում, դրանում քաղաքական ենթատեքստ կա։

Նշենք, որ այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել է հայտարարություն ընդունել՝ դատապարտելով պատգամավորի վրա հարձակումը։

Հայտարարութունը, սակայն, չի ընդունվել․ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն առաջարկել է հարցը քննարկել երկուշաբթի, որովհետև հնարավոր է՝ հայտարարությանը ցանկանան միանալ նաև այլ հանձնաժողովներ։

Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կասկած չունի՝ վերջին շրջանի քաղաքական հարձակումները հրահանգավորել է Սերժ Սարգսյանը։ Պատգամավորի խոսքով՝ իշխանությունն ունի դեպքերը բացահայտելու բոլոր լծակները և դրանք չօգտագործելը վկայում է այն մասին, որ հարձակումներն իրականացվում են բարձրագույն հրահանգավորմամբ։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան հարձակման ենթարկված Արամ Մանուկյանի մոտ բժիշկները ուղեղի ցնցում և սալջարդ են ախտորոշել։