Home / Տեսանյութեր / ՀՀԿ֊ականներն արտաքին պարտքի կուտակումն արդարացրել են ԱՄՆ֊ի և ԵՄ֊ի պարտքերով

ՀՀԿ֊ականներն արտաքին պարտքի կուտակումն արդարացրել են ԱՄՆ֊ի և ԵՄ֊ի պարտքերով

Այսօր Ազգային Ժողովի Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են 7 վարկային համաձայնագրեր, որոնցով կառավարությունը շուրջ 260 միլիոն դոլարի վարկ է վերցնելու: Կառավարության ներկայացուցիչները կարևորել են այն, որ համաձայնագրերը հենց այսօր դրական եզրակացություն ստանան, որպեսզի քննարկվեն երկուշաբթի հրավիրված ԱԺ արտահերթ նիստում: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նույնիսկ հայտարարել է, որ քննարկվող 75 միլիոն դոլարի չափով վարկերային ծրագրերից մեկի չվավերացնելը կբերի բյուջեի չկատարմանը, քանի որ վարկը հաշվարկվել էր բյուջեում:

Սաֆարյանն ասել է, որ, լսելով քննադատությունները, ինքը տպավորություն է ստանում, թե պատգամավորները կոնկրետ վարկային ծրագրի արդյունավետությունը չեն քննարկում, այլ վարկ վերցնելու, արտաքին պարտքը մեծացնելու գաղափարը:

Մասնավորապես, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հենց արտաքին պարտքի համատեքստում է քննադատել առաջարկվող վարկային ծրագրերը: Նա նկատել է, որ վերցվող պարտքերը գրեթե նույնքան են, որքան Հայաստանը ծախսում է նախկին պարտքերը մարելու վրա՝ այսպիսով հայտնվելով «տոկոսի տակ»: Սաֆարյանը պատասխանել է, թե երկրներ կան, որ ավելի մեծ արտաքին պարտք ունեն, օրինակ՝ Հունաստանը:

Վարկեր վերցնելու մեղադրանքներից կառավարությանը փորձել են պաշտպանել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները:

Արտաշես Գեղամյանն ինտերնետով փնտրել է բոլոր երկրների արտաքին պարտքերի մասին տեղեկությունն ու ընթերցել. «ԱՄՆ-ի արտաքին պարտքն իր ՀՆԱ-ի համեմատ 107% է, ԵՄ-ինը՝ 101%, Ֆրանսիայինը՝ 236%, Իտալիայինը՝ 144%, Հունաստանի մասին արդեն ասացին»։ Նա նկատել է, որ Հայաստանում արտաքին պարտքը ՀՆԱ-ի համեմատ ընդամենը 30% է կազմում:

Պարտք վերցնելու մեջ որևէ բացասական բան չի նկատել նաև ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը․ «Հարցը այն չէ՝ պարտք պետք է, թե ոչ: Հարցն այն է, որ նպատակային օգտագործվեն, որ մենք բռնենք այն ձեռքը, որ այդ գումարից կդնի իր գրպանը: Թե չէ Ամերիկան այնքան պարտք ունի․․․ Կարծեմ, միայն դը Գոլին է հաջողվել ԱՄՆ-ից իր փողերը հետ ստանալ, Կադդաֆին էլ փորձեց, պահանջեց, տեսանք՝ ինչ եղավ»:

Նրա վերջին մտքի հետ չի համաձայնել Գեղամյանը. «Կադդաֆիի գլուխը կերան ոչ թե պարտք ուզելու, այլ նրա համար, որ ուզում էր զոլոտոյ դինար (ոսկե դինար) ստեղծել (նկատի ունի Կադդաֆիի՝ Աֆրիկայի համար միասնական արժույթ ստեղծելու գաղափարը ֊ խմբ․)»:

Նիստը վարող Ալեքսանդր Արզումանյանը խնդրել է չշեղվել՝ ասելով. «Մենք մեր դարդը քաշենք»:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց վարկային համաձայնագրեր կնքելու ծրագրերին։ Բոլոր վարկային ծրագրերին դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, ծրագրերից մեկի դեպքում նրանց միացավ ՕԵԿ֊ական Մհեր Շահգելդյանը։