Home / Տեսանյութեր / Պետական ահաբեկչության դեմ ակցիան ընդհատվեց․ ոստիկանները «ագրեսիա» նկատեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետական ահաբեկչության դեմ ակցիան ընդհատվեց․ ոստիկանները «ագրեսիա» նկատեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր մոտ 70 քաղաքացիներ միացել են արվեստագետ Արա Պետրոսյանի նախաձեռնած «Ընդդեմ պետական ահաբեկչության» երթին, որի նպատակն էր դատապարտել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի, ինչպես նաև 3 ազատամարտիկների վրա նախորդ շաբաթ տեղի ունեցած հարձակումները։

Ըստ նախանշված երթուղու՝ երթի մասնակիցները պետք է նախ ակցիա անցկացնեին ՀՀ ոստիկանության շենքի մոտ, ապա քայլեին դեպի նախագահական նստավայր: Ծրագիրը, սակայն, ընթացքում փոխվել է. մոտ 50 ոստիկաններ կանգնել են Նալբանդյան փողոցի վրա գտնվող ոստիկանության շենքի հանդիպակաց մայթեզրին և շուրջ երկու ժամ թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին մոտենալ շենքին: Դիմացի մայթին կանգնելով՝ ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Ամոթ, ամոթ», «Երանոսյան, խրտվիլակ»։ Նշենք, որ ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հայտարարել էր․ «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։

Ակցիայի ողջ ընթացքում ոստիկանները չեն պատասխանել ոչ մասնակիցների, ոչ լրագրողների հարցերին։ Նրանք նաև չեն բացատրել՝ ինչով են պայմանավորված իրենց գործողությունները: Լրագրողներից մեկը զանգահարել է Ոստիկանության մամուլի ծառայություն, որտեղից հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը նախ ասել է՝ «15 րոպեից զանգեք», ապա զանգերին չի պատասխանել:

Ակտիվիստները զանգահարել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Դեպքի վայր ժամանած գրասենյակի փորձագետներին Սարգսյան ներկայացած ոստիկանը պատասխանել է, որ ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ ոստիկանության շենքին, քանի որ «ագրեսիվ տրամադրվածություն» են զգացել: Հարցին, թե արդյոք ակցիայի բոլոր մասնակիցների մոտ են ոստիկանները ագրեսիա տեսել, Սարգսյանը դրական պատասխան է տվել՝ ասելով, թե իրենք կանխատեսել են, որ ակցիայի մասնակիցները կարող են իրենց ոչ ադեկվատ պահել Ոստիկանության շենքի մոտ: Ոստիկանության ներկայացուցիչը նաև ասել է, որ կազմակերպիչը նախապես չի տեղակացրել ակցիայի մասին։ Նշենք, որ, համաձայն «Հավաքների ազատության մասին օրենքի» 9-րդ հոդվածի 1-ին կետի՝ «Հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների»։

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն ասել են, որ ոստիկանի պատասխանի մեջ հակաասություն կա․ եթե բողոքողներին ոստիկանության շենքի մոտ չեն թողնում այդ պատճառաբանությամբ, այդ դեպքում ինչպե՞ս են ոստիկաններն ապահովում երթի ընթացքը:

Մոտ 2 ժամ սպասելուց հետո բողոքողները որոշել են չշարունակել երթը դեպի նախագահական նստավայր և քաղաքացիական ժողով անել ակցիան քննարկելու և հետագա քայլերը որոշելու համար։ Ակցիայի կազմակերպիչ Արա Պետրոսյանն ընդգծել է, որ այսօրվա ակցիան առաջին քայլն էր՝ «թող իմանան, որ մենք չենք պատրաստվում լռել»։