Home / Հայաստան / ԵՄ-ն ՀՀ քաղաքացիների վրա հարձակումների մասին հայտարարություն է պատրաստում

ԵՄ-ն ՀՀ քաղաքացիների վրա հարձակումների մասին հայտարարություն է պատրաստում

Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունը վերջին շրջանում քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնության դեպքերի վերաբերյալ հայտարարություն է պատրաստում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ծեծի են ենթարկվել «Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը, ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանն ու Սուրեն Սարգսյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նշենք, որ ոչ իշխանական ուժերը երեկ պահանջել էին դեպքերի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ գումարել, սակայն ՀՀԿ֊ական մեծամասնությունը նախաձեռնությունը տապալել էր: ՀՀԿ-ն այսօր ԱԺ֊ում ներկայացրել էր իր՝ դեպքերը դատապարտող հայտարարությունը, որտեղ, սակայն, գնահատական չէր տրվում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայտարարությանը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր․ «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցէ մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։

Ոչ իշխանական ուժերի հայտարարության նախագծի մեջ Երանոսյանին պաշտոնանկ անելու պահանջ կա։