Home / Տեսանյութեր / Ոչ իշխանական ուժերը ուզում են քննարկել փոխոստիկանապետի վարքն ու դրամի արժեզրկումը

Ոչ իշխանական ուժերը ուզում են քննարկել փոխոստիկանապետի վարքն ու դրամի արժեզրկումը

ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Ժառանագություն-ւ-ը և ՕԵԿ-ը, կրկին կփորձեն Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել, որի ժամանակ նախատեսում են քննարկել Հայաստանում վերջին ամսվա ընթացքում քաղաքացիների վրա հարձակումների հարցը։ Այս մասին խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են իրենց փակ հանդիպումից հետո։ Արտահերթ նիստ անցկացնելու առաջին փորձը երեկ տապալել են իշխող ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչները։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ իշխանություններին չի հաջողվել հարձակումների միջոցով վախեցնել ոչ արցախյան պատերազմի ազատամարտիկներին, ոչ Արամ Մանուկյանին: Նրա կարծիքով՝ այդ հարձակումների նպատակն էր մարդկանց հետ պահել քաղաքացիական ընդվզումից:

4 խմբակցությունները նույն արտահերթ նիստի ժամանակ նախատեսում են քննարկել դրամի արժեզրկումը և գնաճը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ տնտեսագետ պատգամավորներն աշխատում են տնտեսությանը վերաբերող օրինագծերի նոր փաթեթի վրա, որը կներկայացվի ԱԺ֊ի դատին: Նրա խոսքով՝ ստեղված տնտեսական վիճակի համար պատճառ բերել միայն ռուսական ռուբլու արժեզրկումը ճիշտ չէ։

«Երկրում ստեղծվել է աննախադեպ ֆորսմաժորային իրավիճակ, որը բերել է բնակչության աղքատության, գնաճին, և կարծում ենք, որ բոլոր պատասխանատու կողմերը՝ ԿԲ, Կառավարություն, պետք է լինեն [ԱԺ] դահլիճում», – ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև նշել է, որ արտահերթ նիստին պետք է ներկա լինեն ՀՀ ոստիկանության պաշտոնյաները՝ քննարկելու վերջին ամսվա հարձակումները և ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին վերաբերող իրավիճակը։ Վերջինս, Զոհրաբյանի խոսքով, իր խոսքերի համար ընդամենը նկատողություն ստացավ։

Այն հարցին, թե ինչու է ՕԵԿ֊ը մասնակցել Եռյակի քննարկմանը և արդյոք Եռյակը կրկին Քառյակ է դառնալու (նախկինում երեք ուժերի հետ էր ՀՅԴ֊ն֊ խմբ․), ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը պատասխանել է, որ դրա մասին դեռ վաղ է խոսել: Նա նկատել է, որ առանց որևէ տեղ մտնելու էլ ՕԵԿ-ին հաջողվում է որոշ հարցերի շուրջ համագործակցել ոչ իշխանական եռյակի հետ: