Home / Հայաստան / Հայաստանում ամաչում են բարձրաձայնել սեռավարակների մասին

Հայաստանում ամաչում են բարձրաձայնել սեռավարակների մասին

Հայաստանում վերջին տարիներին որոշ սեռավարակների աճ է նկատվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի անանուն խորհրդատվության և հետազոտման ծառայության համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ իրականում ոչ թե սեռավարակների քանակն է ավելացել, այլ շատացել են ծառայությունները, որտեղ հնարավոր է հայտնաբերել սեռավարակը, արդյունքում՝ ավելի շատ դեպքեր են արձանագրվել։

Որպես առավել խոցելի խմբեր Հովհաննիսյանը նշել է սեռական ծառայություն մատուցողներին և արտագնա աշխատանքի մեկնող միգրանտներին։ Առաջինների շրջանում սեռավարակի տարածվածությունը, ըստ մասնագետի, կազմում է 50%։ Միգրանտների շրջանում թեև տարածվածությունն ավելի փոքր է, սակայն հաճախ դա պայմանավորված է նրանով, որ այդ դեպքերի մի մասը պարզապես չի արձանագրվում։

«Արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան, գնում են միջին տարիքի տղամարդիկ, առանց կանանց։ Այնտեղ նրանք հաճախ ունենում են ևս մեկ ընտանիք։ Հետագայում սեռավարակը բերում են Հայաստան և փոխանցում իրենց կանանց», ֊ ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում թե կանանց, թե տղամարդկանց մեծ մասն ամաչում է բարձրաձայնել այդ խնդրի մասին, իսկ բուժման անհրաժեշտության դեպքում դիմում են մեկ այլ քաղաքի մասնագետներին․ «Օրինակ, Սպիտակից գնում են Վանաձոր, Վանաձորից՝ Սպիտակ»։

Նման խնդիրներով դիմում են հիմնականում Երևանում, և արհեստականորեն ստացվում է, որ մայրաքաղաքում սեռավարակի արձանագրման դեպքերն ավելի շատ են, մինչդեռ այդ առումով առաջատարները, ըստ մասնագետի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերն են, քանի որ հենց այնտեղի տղամարդիկ են հիմնականում մեկնում արտագնա աշխատանքի։

Հովհաննիսյանը կարևորել է ուսումնական հաստատություններում «Սեռական կրթություն» առարկայի ճիշտ մատուցումը, քանի որ այդ ոլորտում պարզ գիտելիքների բացակայությունը խորացնում է խնդիրը։

Նա նշել է, որ թեև հանրակրթական դպրոցներում կա «Սեռական կրթություն» առարկան, «կատարումը բարձր մակարդակի վրա դրված չէ»։ Առարկայի դասավանդման անհրաժեշտությունը որոշում է դպրոցի տնօրենը, իսկ դասավանդում են ֆիզդաստիարակության ուսուցիչները, քանի որ, տնօրենների մեկնաբանությամբ, աշակերտների շրջանում «հեղինակություն վայելող են», մինչդեռ, Հովհաննիսյանի խոսքով, այդ առարկան պետք է դասավանդեն հատուկ պատրաստված մասնագետներ։