Home / Տեսանյութեր / Ակտիվիստին ծեծի են ենթարկել. երեկ նա խոսել էր Սերժ Սարգսյանի և Լևոն Երանոսյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակտիվիստին ծեծի են ենթարկել. երեկ նա խոսել էր Սերժ Սարգսյանի և Լևոն Երանոսյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 20-ի երեկոյան Երևանի կենտրոնում՝ Հանրապետության փողոցում, երկու անհայտ անձ հարձակվել է ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի վրա և ծեծել նրան: Այս մասին տեղեկացրել է Շուշանյանը՝ Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկար տեղադրելով, որում երևում է, որ նա շրթունքի շրջանում վնասվածք է ստացել: Լրագրողների հետ զրույցում Շուշանյանը պատմել է, որ հարձակվողներից մեկն ասել է. «Այ թուլա, էդ դո՞ւ էիր նախագահին երեկ քրֆում»:

Նշենք, որ երեկ ՀՀ կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Շուշանյանը հայտարարել էր. «Ոստիկանության փոխգնդապետն ասել է՝ ով որ իմ նախագահին քրֆի, ականջները կկտրեմ: Թող գա, կանգնի ստեղ, ես իրա նախագահին էլ քրֆեմ, իրան էլ քրֆեմ ու հըլը տենամ կարա ականջներս կտրի» (Տեսանյութում 00:39-ից):

Նշենք, որ Վաղինակ Շուշանյանը նկատի է ունեցել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին, ով պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, ասել էր. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցէ մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:

Թերթի տեղեկություններով հենց Երանոսյանն է հրահանգել ծեծի ենթարկել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին և Ռազմիկ Պետրոսյանին: Դրանից հետո ծեծի է ենթարկվել նաև ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, ապա՝ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Ազգային ժողովում խնդրի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն արդարացրել էր Արամ Մանուկյանի վրա հարձակումը: