Home / Հայաստան / Բելառուսում արգելափակվել են անկախ լրատվական կայքերը

Բելառուսում արգելափակվել են անկախ լրատվական կայքերը

2014 թվականի դեկտեմբերի 19֊ից՝ արտարժույթի գնման համար Բելառուսի կողմից 30 տոկոս հարկ սահմանվելու մասին լուրերի տարածումից հետո, երկրում արգելափակվել են մի շարք անկախ տեղեկատվական կայքեր, հայտնում է Belaruspartisan.org կայքը։ Արդեն մի քանի օր է՝ Բելառուսում չեն գործում Gazetaby.com, Belaruspartisan.org, Charter97.org, Naviny.by, Belapan.com, Udf.by կայքերը։

«Արգելափակվել են դոմենային անունները։ Պատճառը հայտնի չէ։ Որևէ նախազգուշացում չի եղել»,֊ ասել է «ԲելաՊԱՆ» լրատվական գործակալության տնօրեն Ալես Լիպայը։

Բելառուսի ազգային հեռահաղորդակցման օպերատորը՝ «Բելտելեկոմ»֊ը, հայտարարել է, որ տվյալ խնդրի հետ որևէ առնչություն չունի, և որ այն պայմանավորված է իր վրա DdoS հարձակմամբ։ Օպերատորը վստահեցնում է՝ մասնագետներն աշխատում են հնարավոր խնդիրների վերացման ուղղությամբ։