Home / Հայաստան / Չնայած ԿԲ֊ի կանխատեսմանը, Հայաստանից արտահանման ծավալները նվազել են․ փորձագետ

Չնայած ԿԲ֊ի կանխատեսմանը, Հայաստանից արտահանման ծավալները նվազել են․ փորձագետ

Դրամի արժեզրկումը չի խթանել Հայաստանից արտահանման ծավալները, ինչպես պնդում էր ՀՀ կենտրոնական բանկը․ հակառակը՝ նոյեմբերի վերջին և դեկտեմբերին արտահանման ծավալների 18 տոկոսանոց անկում է գրանցվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստանի արտահանողների միության» նախագահ Րաֆֆի Մխչյանը:

Ըստ փորձագետի՝ գյուղմթերք արտահանողներն ի սկզբանե չէին կարող շահել դրամի արժեզրկումից, քանի որ արտահանման հիմնական շուկայում Ռուսաստանում, ազգային արժույթը նույնպես արժեզրկվել էր։

Մխչյանն ընդգծել է, որ կային տնտեսագետներ, ովքեր կանխատեսում էին արժույթի նման տատանումները, սակայն նրանց «լսող չկար»։ Փորձագետը հրաժարվել է դրամի արժեզրկումը կապել միայն Ռուսաստանում ստեղծված իրավիճակի հետ՝ նշելով, որ Հայաստանում էլ ներքին խնդիրներ շատ կան, որոնք ազդել են ֆինանսական շուկայում իրավիճակի վրա։ Մխչյանի խոսքով՝ բացասական պատկերը լիարժեք դարձավ նաև որոշ անձանց սպեկուլյատիվ գործողությունների շնորհիվ։

«Երկար շարունակվելու դեպքում սպեկուլյացիան կարող էր ավելի մեծ խուճապի պատճառ դառնալ», ֊ ասել է բանախոսը։

Անդրադառնալով Հայաստանից արտահանվող ապրանքներին՝ նա ընդգծել է, որ ամենամեծ խումբը՝ մինչև 65 տոկոս, հանքարդյունաբերական ապրանքներն են կազմում, սննդի արդյունաբերությունը՝ 20-25 տոկոս է, որոշակի մասնաբաժին ունի նաև ՏՏ ոլորտը, որը մեծ ներուժ ունի։

Մխչյանի խոսքով՝ Հայաստանում արտադրված սնունդը արտասահմանում զարմացնել չի կարող և այն հիմնականում սպառում են արտերկրում բնակվող հայերը։