Home / Տեսանյութեր / Սեռական ակտի ժամանակ տղամարդու դեր ստանձնողը բանտի օրենքով նույնասեռական չէ․ փորձագետ

Սեռական ակտի ժամանակ տղամարդու դեր ստանձնողը բանտի օրենքով նույնասեռական չէ․ փորձագետ

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առավել խոցելի խումբ են կազմում նույնասեռականները, որոնց նկատմամբ խտրականություն է դրսևորվում թե՛ դատապարտյալների, թե՛ վարչակազմի կողմից։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Հասարակական դիտորդական խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ նույնասեռականներին հանձնարարվում է ամենաստորացուցիչ աշխատանքը՝ մաքրել սանհանգույցը, խցերի հատակը, կոշիկները, աղբը թափել, մաքրել դրսի աղբը։ Նույնասեռականները չեն կարող օգտվել նույն ճաշարանից, նույն սպասքից։ Նրանց համար հատուկ նշանով սպասք է առանձնացված։

Գաբրիելյանի խոսքով՝ ՔԿՀ֊ներում կարող են լինել սեռական հարաբերություններ հետերոսեքսուալների և նույնասեռականների միջև, սակայն, գողական մտածելակերպից ելնելով, եթե հետերոսեքսուալը տղամարդու հետ սեռական ակտի ժամանակ ստանձնում է տղամարդու դերը, նա նույնասեռական չէ։

Դիտորդը նշել է, որ հաճախ նույնասեռականները դիմում են գրում ու խնդրում իրենց մեկուսացնել, քանի որ ընդհանուր խցերում անմարդկային վերաբերմունքի են արժանանում։

«Եթե ուզում ենք մտնել նույնասեռականների խցեր, [անձնակազմի աշխատակիցները] զգուշացնում են՝ գիտե՞ք, որ այնտեղ նույնասեռականներն են։ Իհարկե, այդ տերմինով չեն կոչում, այլ հասարակության մեջ տարածված վատաբանությամբ։ Նրանց կոչում են վիժվածքներ, պղծվածքներ և մի շարք այլ բառերով, որոնք անբարեկիրթ են և չեմ ուզում հնչեցնել, ֊ ասել է Գաբրիելյանը։ ֊ Մենք խոսում ենք բարձր մշակութային ժառանգության, մարդասիրության, ընկերասիրության մասին, բայց նման կերպ ենք վարվում այդ մարդկանց հետ»։