Home / Հայաստան / Ոստիկանությունը տարածել է Գյումրիի սպանության մեջ կասկածվողի լուսանկարը

Ոստիկանությունը տարածել է Գյումրիի սպանության մեջ կասկածվողի լուսանկարը

Գյումրիում սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ոստիկանությունը տարածել է կասկածյալի լուսանկարը և խնդրում է լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 1-02  հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել են Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տան բնակիչներ՝ 54-ամյա Սերյոժա Ավետիսյանը, 56-ամյա Հասմիկ Ավետիսյանը, 36-ամյա Աիդա Ավետիսյանը, 34-ամյա Արմեն Ավետիսյանը, 25-ամյա Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը /ծննդյան թիվը ճշտվում է/: 2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հանցագործության կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը համագործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ և օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը: