Home / Տեսանյութեր / ՀՀԿ֊ականն ուզում է արգելել բուքմեյքերներին․ նրա անունը կապում էին խաղադրույքների հետ

ՀՀԿ֊ականն ուզում է արգելել բուքմեյքերներին․ նրա անունը կապում էին խաղադրույքների հետ

ԱԺ ՀՀԿ֊ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մտադիր է Հայաստանում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելող օրենքի նախագիծ մշակել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Շուտով մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Նման մի մտադրություն ունեմ… գործընկերներիս հետ խորհրդակցելուց ու մասնագիտական քննարկումներից հետո, ցանկանում եմ մշակել ու ներկայացնել օրենքի մի նախագիծ, որով ՀՀ-ում օրենսդրորեն կարգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտեռնետային տարբերակները, ինչպես շատ երկրներում է: Շնորհակալ կլինեմ կարծիքների համար», ֊ գրել է պատգամավորը:

Նշենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին հայաստանյան առցանց մամուլը Ֆարմանյանի անունը կապում էր խաղադրույքների հետ։ Մի քանի կայքեր լուսանկար էին հրապարակել, որոնցում երևում էր, որ Ֆարմանյանը իր բջջային հեռախոսով միջազգային բուքմեյքերական գրասենյակներից մեկի՝ bet365.com-ի կայքում հետևում է Հնդկաստանի Գոա նահանգի առաջնության Sesa FA – Calangute հանդիպմանը։ Համաձայն ԶԼՄ֊ների, դա տեղի էր ունեցել ԱԺ֊ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի քննարկման ժամանակ, իսկ պատգամավորը խաղադրույքներ է կատարել։

Մեկնաբանելով լուսանկարը՝ Ֆարմանյանը նշել էր, որ հրապարակումը «բացարձակ անգրագիտության դրսևորում է», ու ինքը ոչ մի խաղադրույք էլ չի կատարել, այլ ընդամենը խաղ է խաղացել հեռախոսով:

Ավելի ուշ, երբ կայքերում հրապարակվեցին լուսանկարներ, որտեղ երևում է, որ bet365.com֊ում Ֆարմանյանի հաշվի վրա գումար կա, նա «ֆեյսբուքի» իր էջում գրել էր․

«Ցանկանում եմ www.irakan.info, www.ilur.am, www.zham.am և վերջին երկու օրերին նրանց ձայնակցած մանրադրամներին ու իրենց անբարոյական ռեժիսորներին տեղեկացնել, որ շահել եմ ոչ միայն Հնդկաստանի ամենափոքր նահանգի՝ ԳՈԱ-ի, Sesa FA – Calangute ֆուտբոլային ակումբների հանդիպման վրա իմ կատարած «խաղադրույքը», այլև այսօր կայացած՝ Վիետնամի մինչև 21 տարեկանների առաջնության Vinh Long-Hoang Anh Gia Lai ֆուտբոլային հանդիպման վրա կատարած իմ «խոշոր խաղադրույքը»: Արդյունքում արդեն ունեմ ոչ թե $ 6335, այլ $ 750 000 (յոթ հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլար: Տես՝ ստորեւ նկարները:

Ավելին՝ այս ընթացքում, մեկ այլ հայտնի՝ facebook սոցիալական ցանցում, այս անգամ արդեն, շախմատային ինտելեկտի շնորհիվ «կուտակել» եմ $ 63 100 (վաթսուն երեք հազար հարյուր) ԱՄՆ դոլար:

P.S. Իսկ եթե լուրջ, ապա իմաստ չեմ տեսնում նման ստոր հրապարակումների պատվիրատուներին նորից բացատրել, թե ինչ բան է համացանցը, ֆուտբոլային հանդիպումներին on-line վիդեո տարբերակով հետևելու համաշխարհային առկա ռեսուրսները և այլն և այլն: Լրագրությունը պոռնկության վերածած նման անբարոյականների ու առանձնահատուկ դեբիլների համար դա ժամանակի իզուր վատնում է: Ընդամենը տեղեկացնում եմ, որ նման ստոր հրապարակումների մանրադրամ պատվիարատուները, նրանց տակավին տհաս «պապաներն» ու երկիրը թալանած «մամաները» բացել են պանդորայի արկղը… Արկղից դուրս եկածի «բույրը» շատ շուտով կվայելեք…երկար կվայելեք…»: