Home / Հայաստան / Դինքի սպանությունից դասեր չքաղեցին․ խեղաթյուրված խոսքը լրագրողներին թիրախ է դարձնում

Դինքի սպանությունից դասեր չքաղեցին․ խեղաթյուրված խոսքը լրագրողներին թիրախ է դարձնում

Նախկինում, երբ մտավորականն սկսում էր նյարդայնացնել Թուրքիայի իշխանություններին (ռազմական շրջանակներին), նրա գրած հոդվածներից կամ ելույթներից խնամքով ընտրվում էին որոշ արտահայտություններ, խեղաթյուրվում և օգտագործվում նրան պախարակելու նպատակով։ Այս մասին Today's Zaman֊ի իր սյունակում գրում է թուրք հրապարակախոս, լրագրող Օրհան Քեմալ Չենգիզը (լուսանկարում)։

«Հրանտ Դինքը, օրինակ, սպանվեց նրա դեմ նման արշավի հետևանքով ստեղծված մթնոլորտում։ 2005 թվականին Դինքը գրել էր հոդվածների շարք հայկական ինքնության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է թուրքերի ատելությունը թունավորում հայերին։ Նա գրել էր․ «Թուրքերի թշնամանքը թունավորում է հայերի արյունը»։ Այնուամենայնիվ, ԶԼՄ֊ների որոշ ներկայացուցիչներ նրա խոսքերը մեջբերել էին այսպես․ «Թուրքերը կեղտոտ արյուն ունեն»։ Ցավոք, այդ կեղտոտ արշավը հասավ իր նպատակին։ «Ակօս»֊ի գլխավոր խմբագիր Դինքը սպանվեց թերթի խմբագրության դիմաց։ Երբ մարդասպանին ձերբակալեցին, նա, մասնավորապես, մեջբերեց այդ խեղաթյուրված բառերը․ ըստ նրա՝ Հրանտը վիրավորել էր թուրքերին՝ ասելով, որ «թուրքերը կեղտոտ արյուն ունեն»։

Տարիներ անց, այսքան ցավից ու տառապանքից հետո, մարդ կմտածեր, թե Թուրքիան ինչ֊որ դասեր է քաղել այդ սարսափելի անցյալից։ Այնուամենայնիվ, պարզվեց, որ այդ իրադարձություններից որևէ դաս չի քաղվել։ Այս անգամ այդ նույն կեղտոտ խաղերն են խաղում «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) շրջանակները։ Նրանք ընտրում են քո որոշ խոսքեր ու դրանք օգտագործում քո դեմ։ Խոսքս «AK Haber» կայքի մասին է (այն օգտագործում է կուսակցության անվանումը, ուստի վերահսկվում է կուսակցության անդամների կողմից կամ, առնվազն, հրատարակվում նրանց համաձայնությամբ), որն ինձ ներկայացնում է որպես մարդ, ով ցանկանում է՝ Թուրքիան մի օր դառնա այնպիսի երկիր, որտեղ կայրվի Թուրքիայի դրոշը։ «Հուսով եմ՝ կդառնանք այնպիսի երկիր, որտեղ դրոշներ կայրվեն»,֊ մեջբերել է ինձ կայքը։

Կիրակի երկու ժամ գտնվում էի «Bugün TV»֊ի եթերում։ Հիմնականում քննարկում էինք ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական ամսագրի խմբագրությունում տեղի ունեցած արյունոտ սպանությունները։ Բացի դա, քննարկեցինք՝ արդյոք կրոնական զգացմունքներ վիրավորելը կարող է դիտվել խոսքի ազատության շրջանակներում։ Ասածս այն էր, որ եթե չկա խոցելի խմբերին թիրախավորող ատելության խոսք, ապա խոսքի ազատությունը որևէ կերպ չպետք է սահմանափակվի։ Ընդգծելու համար, թե Թուրքիան որքան հետամնաց է խոսքի ազատության հարցում, անդրադարձա ԱՄՆ Գերագույն դատարանի՝ դրոշներ այրելու մասին որոշմանը, որի եզրակացության համաձայն, անգամ սա է մարդու գաղափարներն արտահայտելու ձև ու, հետևաբար, պետք է պաշտպանվի՝ որպես խոսքի ազատության մաս։ Խոսքս ավարտելով՝ ասացի, որ հույս ունեմ՝ Թուրքիան մի օր կհասնի խոսքի ազատության նման լայն ընկալման մակարդակի։

«AK Haber» կայքը խոսքերս աղավաղել է։ Սադրիչ էֆեկտը մեծացնելու համար, կայքը գրել է, թե Օրհան Քեմալն այս խոսքերն ասել է՝ «Ազգայնական շարժում կուսակցության» ներկայացուցչի աչքերի մեջ նայելով։ Ակնհայտ է, որ նրանք փորձում են ազգայնական շրջանակներին հրահրել իմ դեմ։

Այս ամբողջ պատմությունը ձեզ պատմեցի, որպեսզի ցույց տամ, թե ինչպես կարող է խոսքի ազատության օգտին խոսելը մարդուն դարձնել թիրախ։ Մինչ փորձում էի ընդգծել, թե խոսքի ազատությունը որքան լայն հասկացություն է այլ երկրներում, ես վերածվեցի մարդու, ով կոչ է անում դրոշներ այրել։

Ժամանակն անցնում է, տարբեր իրադարձություններ են տեղի ունենում․ այս երկրում, սակայն, որոշ իրողություններ երբեք չեն փոխվում։ Դրանցից մեկը խոսքերիդ սարսափելի աղավաղումն է՝ քեզ դարձնելով թիրախ, եթե արտահայտում ես մտքեր, որոնք ձեռնտու չեն իշխանավորներին»։