Home / Հայաստան / Թուրքիայի քաղաքացիների 9 տոկոսը գտնում է, որ 2015֊ին երկիրը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը․ հարցում

Թուրքիայի քաղաքացիների 9 տոկոսը գտնում է, որ 2015֊ին երկիրը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը․ հարցում

Ստամբուլյան՝ Տնտեսագիտության և արտաքին քաղաքականության հետազոտությունների (EDAM) անկախ վերլուծական կենտրոնը հասարակական կարծիքի հետազոտություն է իրականացրել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ։

Վերլուծական կենտրոնը հարցում է անցկացրել Թուրքիայի 1508 քաղաքացիների շրջանում 2014 թվականի նոյեմբերի 7֊ից դեկտեմբերի 7֊ն ընկած ժամանակահատվածում։ Մասնակիցներին հարց է ուղղվել՝ 1915 թվականի դեպքերի 100֊ամյակին ընդառաջ Թուրքիան ի՞նչ քաղաքական քայլեր պետք է ձեռնարկի։

Հարցվածների 9․1 տոկոսը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերի սպանությունների համար ու 1915 թվականի դեպքերը ճանաչի որպես ցեղասպանություն։ Նման կարծիք հայտնածների 24․4%֊ը քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» աջակիցներ և համախոհներ են, մինչդեռ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» համախոհների միայն 7%֊ն է նման կարծիք հայտնել։ Ճանաչմանը կողմ 8․7%֊ը «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» աջակից ու համախոհ են, 4․6%֊ը՝ «Ազգայնական շարժում կուսակցության»։

Հարցվածքների նույնքան՝ 9․1 տոկոսն ասել է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերի սպանությունների համար՝ առանց որևէ հավելյալ քայլեր ձեռնարկելու։ Նման կարծիք է հայտնել «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» համախոհների 13․4%֊ը, «Արդարություն և զարգացում կուսակցության» համախոհների՝ 7․1%֊ը, «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության»՝ 4․1%֊ը, «Ազգայնական շարժում կուսակցության»՝ 4․3%֊ը։

«Արդարություն և զարգացում կուսակցության» և «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» համախոհների մեծամասնությունը՝ 26.9% և 36.9% համապատասխանաբար, ասել է, որ Թուրքիան պետք է «ներողություն խնդրի Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների սպանությունների համար», քանի որ հայերը միակ սպանվածները չէին։

Հարցվածների 21․3%֊ը վստահ է, որ Թուրքիան որևէ քայլեր չպետք է ձեռնարկի, իսկ 25%֊ը՝ «գաղափար/պատասխան չունի»։

Վերլուծական կենտրոնը նույն հարցն ուղղել է նաև 150 օտարերկրացի փորձագետների, որոնց 18․7%֊ը վստահություն է հայտնել, որ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը։ 36․7%֊ն ասել է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների սպանությունների համար։