Home / Հայաստան / Գյումրիի սպանդի մասին խոսելիս ռուսաստանցի զինվորականը հիշել է թուրքական պատերազմները

Գյումրիի սպանդի մասին խոսելիս ռուսաստանցի զինվորականը հիշել է թուրքական պատերազմները

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիում տեղի ունեցած սպանդի վերաբերյալ, որում մեղադրվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը․ վերջինս պահվում է ռազմաբազայի տարածքում ու չի հանձնվում ՀՀ իրավապահ մարմիններին։

Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության հրապարակած տեսանյութում գնդապետն ասում է․ «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ։ 102-րդ ռազմակայանի հրամանատարությունն ու անձնակազմը ցնցված են տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից: Մենք բոլորս միասին սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ, ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին։

Ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ամրության բազմաթիվ փորձություններ է անցել թե՛ թուրքական պատերազմների, թե՛ սարսափելի բնական աղետների ժամանակ։ Այժմ եկել է ևս մեկ փորձության ժամանակը։ Նման հանցագործություններ իրականացնող անձինք ազգություն չունեն։ Վստահեցնում եմ ձեզ, որ այս սարսափելի հանցագործությունն իրականացնողը խստագույն պատժի կենթարկվի»։

Պալյուխովիչի խոսքով՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական մարմինները հանցագործության համատեղ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն են իրականացնում։

«Ռազմաբազայի հրամանատարությունը զոհվածների հարազատներին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի։ Մենք ակնկալում ենք ձեր ըմբռնումն ու աջակցությունը: Միայն բոլորս միասին՝ ուս ուսի տված կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն»,֊ եզրափակում է գնդապետը։

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները, ինչպես նաև ծանր վիրավոր 6֊ամսական երեխային Գյումրիի Մյասնիկյան փողոցի նրանց տանը հայտնաբերել են հունվարի 12֊ին։ Սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին, ով հանցագործության վայրում էր թողել զինվորական անվանական հագուստն ու զենքը, որոնում էին Հայաստանի ամբողջ տարածքում։ Հայաստանի ուժայինները խուզարկություններ էին անցակցնում անգամ այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ զինվորը ռուսաստանցի սահմանապահների կողմից ձերբակալվել է հայ֊թուրքական սահմանը հատել փորձելու ժամանակ։

Երեկ ավելի քան 3000 մարդ բողոքի ակցիա է անցկացրել Գյումրիում տեղակայված ռազմաբազայի դիմաց՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին։ Բողոքի ցույցեր են անցկացվում նաև մայրաքաղաք Երևանում՝ նախագահի նստավայրի ու ՀՀ֊ում ՌԴ դեսպանության շենքի դիմաց։ 

Իրավաբանները մատնանշում են տվյալ գործում ՀՀ օրենսդրության խախտումների մասին։ Դրանցից մի քանիսի մասին Epress.am֊ի հետ զրույցում խոսել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը։