Home / Հայաստան / Երևանում և Գյումրիում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Երևանում և Գյումրիում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Երեկ Գյումրիում և Երևանում Ոստիկանության բաժիններ է տեղափոխվել 59 անձ, մայրաքաղաքում՝ 38, Գյումրիում՝ 21-ը:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության մամուլի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը:

Նրա խոսքով՝ բոլոր բերման ենթարկվածներն արդեն ազատ են արձակվել, սակայն Երևանում ոստիկանության բաժին տարված անձանցից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ: Այդ փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:

Իր տարածած հաղորդագրության մեջ ոստիկանությունը նշում է, որ «հանրային միջոցառումը, որին մասնակցում են զինված անձինք, ինչով էլ դա պատճառաբանված լինի, և անկախ զենք կրելու օրինականությունից, չունի Սահմանադրության և օրենքի պաշտպանությունը և չի կարող հանդուրժվել»։

Նշենք, որ երեկ Գյումրիում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև, որոնք փորձել են մոտենալ ՌԴ հյուպատոսությանը։ Դրանց հետևանքով 10֊ից ավելի մարդ վիրավորվել է։

Երևանում մարդկանց ձերբակալել են Ազատության հրապարակում։ Եռագույն դրոշներով հրապարակում հավաքված մարդկանց վրա հարձակվել են քաղաքացիական հագուստով անձինք, այնուհետև հայտնվել են ոստիկանները և բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել հավաքվածներից շատերին, այդ թվում «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության մի քանի անդամների և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։ Ոստիկանները պատճառաբանել են, թե զենք են փնտրում ակցիայի մասնակիցների մոտ։

Մոտ 5 տասնյակ մարդիկ շարունակել են մնալ հրապարակում՝ մոմեր վառելով ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի, իսկ քիչ անց ոստիկանները ևս մոտ 2 տասնյակ մարդ են բերման ենթարկել առանց պատճառները բացատրելու։