Home / Հայաստան / Օպերատորից պահանջել են Ավետիսյանների ընտանիքի անդամների հեռախոսազանգերի վերծանումները․ Քննչական կոմիտե

Օպերատորից պահանջել են Ավետիսյանների ընտանիքի անդամների հեռախոսազանգերի վերծանումները․ Քննչական կոմիտե

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության և 6 ամսական երեխայի սպանության փորձի մեջ մեղադրվողը Ավետիսյանների տուն է մտել մուտքի դռան ապակյա բացվածքի շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով։ Այս մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ այդ հանգամանքը պարզել է քննչական խումբը, որը հունվարի 16-ին փորձագետների հետ կատարվել է հանցագործության կատարման վայրի լրացուցիչ զննություն

«Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել հանցագործության կատարման վայրին հարակից տարածքներում տեսանկարահանող սարքերի առկայությունը և այդպիսիք հայտնաբերելու դեպքում տեսագրությունները ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած և օգտագործած լինել նաև տուժողների հեռախոսները։

Միջոցներ են ձեռնարկվում պարզելու ինչպես առերևույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, բռնվելու հանգամանքները, այնպես էլ` նրա շարժը՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքը լքելուց հետո մինչեւ Ավետիսյանների տուն հասնելը:

Դեպքի վայրում կատարված զննության և լրացուցիչ զննության արդյունքում հայտնաբերվել է 28 հատ պարկուճ, 2 հատ չկրակված գնդակ, մեկ հատ պահունակ՝ փամփուշտներով, «AKC 74» տեսակի ինքնաձիգ, ՌԴ զինված ուժերի տարբերանշանով զինվորական համազգեստ», ֊ նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։