Գլխավոր / Տեսանյութեր / Գանապոլսկի․ Թող հայերը հասկանան՝ ովքեր են բարեկամության երդում տվողները

Գանապոլսկի․ Թող հայերը հասկանան՝ ովքեր են բարեկամության երդում տվողները

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին անդրադարձել է Գյումրիի ողբերգությանը Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքին։

Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար․

— Հայաստանը Ռուսաստանի վերջին բարեկամն է։ Չեմ պատրաստվում հիմա քննարկել, թե որքանով է այդ բարեկամությունը պարտադրված (մեկուսացում, Լեռնային Ղարաբաղ, գազ, տրանսպորտ, Մոսկվայի հայերի բիզնես) կամ պարզապես ընկեր՝ առանց այս ամբողջ բեռի։

Բայց ահա տականքը հայ ընտանիք է սպանում։ Եվ սկսվում է Ռուսաստանի մեծամիտ իշխանական կեղտը․ նախ՝ ցավակցություն է հայտնում պաշտպանության նախարարը (ո՞վ է նա հայերի համար), այնուհետև, ռուսաստանյան ալիքները, որոնք դիտում են Հայաստանում, լռում են հանցագործության մասին, չեն ցուցադրում բողոքները։ Ու միայն մեկ շաբաթ անց է ընկեր Պուտինը «ցավակցություն» հայտնում, որում անգամ չկա ցավակցել բառը։ Ի հավելումն, առաջարկում է ընտանիքի միակ կենդանի մնացած երեխային ուղարկել Ռուսաստան՝ բուժման։ Եվ ահա երեխան մահանում է։ Սարսափին արժանի ավարտ։ Այստեղ Պուտինը պետք է ինքը շտապ մեկներ Երևան, ելույթ ունենար հայերի առջև, անձամբ վստահեցներ, որ կհետևի հրեշի նկատմամբ դատավարությանը, հրամայեր, որպեսզի ստուգվի Հայաստանում ռուսական բանակի ամբողջ անձնակազմի հոգեկան վիճակը։ Բայց, ամենակարևորը, գնար ու ծաղիկ դներ գերեզմանին․ ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան հաշտեցման նման քայլը։

Բայց ոչ, բռնապետներն ստրուկների վրա ուժ չեն վատնում, ու նա Երևան է ուղարկում ամենազգայուն ու ամենաբարոյական մարդուն, ով հայտնի է հենց նրանով, որ գիտի ճիշտ վայրում ճիշտ խոսքեր ասել՝ Բաստրիկինին (Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկին ֊ խմբ)։ Տիպիկ կրեմլյան կեղտաորոշում՝ եղբայրական հայ ժողովրդին ուղղված ցավակցական ու բարեկամական ոգով։

Բայց ես այս ամենի համար շատ ուրախ եմ։ Թող հայերը մտածեն ու հասկանան, թե իրականում ովքեր են հավերժ բարեկամության երդում տվողներն ու ընդհանուր պատմության ու կրոնի մասին հիշեցնողները։

Նաև ուզում եմ, որ հայերը շաբաթվա վերջին դիտեն ռուսական ամփոփիչ լրատվական հաղորդումները, որտեղ Հայաստանին նվիրված երեք րոպեների ընթացքում (եթե դրանք ընդհանրապես լինեն) Ժիրինովսկին կպատմի, թե ինչպես են ընտանիքին սպանել ամերիկացիները (արդեն ասել է), իսկ աղմուկը բարձրացվել է, որպեսզի հայերը Մայդան կազմակերպեն։ Իսկ հաղորդավարի կողքին կանգնած քաղաքական տուզիկները կբառաչեն հայ և ռուս ժողովուրդների հավերժ ու անկործան բարեկամության մասին։