Home / Հայաստան / Գյումրեցիներից քննչականում բացատրություններ են պահանջում հունվարի 15-ի ցույցի կապակցությամբ

Գյումրեցիներից քննչականում բացատրություններ են պահանջում հունվարի 15-ի ցույցի կապակցությամբ

Վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի Գյումրիի բաժնից քաղաքի բնակիչներ են հրավիրվում և նրանցից բացատրություններ են վերցնում հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակցության վերաբերյալ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթի զրուցակիցը, որի անունը չի նշվում, պատմել է, որ քննիչները տեսագրություններ են միացնում, ցուցադրում ցույցի դրվագները, որոնցում առկա են հրավիրված անձինք, և սկսում բացատրություններ պահանջել:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ քննչական գործողությունները իրականացվում են բողոքի ակցիաներից հետո քր. օրենսգրքի 258-րդ (Խուլիգանություն) և 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռություն գործադրելը) հոդվածներով հարուցված գործի շրջանակներում: Տռուզյանը շեշտել է, որ ոչ մի քաղաքացու նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք, որ բողոքողները պահանջում էին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին։ Ակցիայի ընթացքում գյումրեցիների մի մասը շարժվել են դեպի ՌԴ հյուպատոսարան, որի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։