Գլխավոր / Հայաստան / ՀՀ նախկին նախագահը հիշել է ռուս զինվորականների` ՀՀ դատարանի առաջ կանգնելու նախադեպը

ՀՀ նախկին նախագահը հիշել է ռուս զինվորականների` ՀՀ դատարանի առաջ կանգնելու նախադեպը

Ակնհայտ էր, որ Գյումրու սպանությունից հետո մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով։ Անդրադառնալով Գյումրիի դեպքերին այս մասին 2rd.am կայքի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել ևս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին): Վստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր և, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա», ֊ ասել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ 1999 թվականին Գյումրիում կատարված սպանության համար Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Ալեքսանդր Կամենևին դատապարտել էր 15, իսկ Դենիս Պոպովին 14 տարվա ազատազրկման։