Home / Հայաստան / Վալերի Պերմյակովի շահերը պաշտպանում է Հայաստանում բնակվող ռուս փաստաբան․ Ինտերֆաքս

Վալերի Պերմյակովի շահերը պաշտպանում է Հայաստանում բնակվող ռուս փաստաբան․ Ինտերֆաքս

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի շահերը պաշտպանում է Հայաստանում բնակվող ռուս փաստաբան։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»֊ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին:

«Նրա ինքնությունը հասկանալի պատճառներով չի բացահայտվում։ Նա կատարում է իր ծառայողական պարտքը»,֊ հայտնել է աղբյուրը։

Նա նաև ասել է, որ Պերմյակովը գործի շրջանակներում հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կանցնի:

«Համատեղ իրականացվող հետաքննության շրջանակներում նշանակվել ու անցկացվում են մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ։ Մոտ ժամանակներս կանցկացվի նաև հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն, որն օրենքով նախատեսված է նման հանցագործություններ կատարելու դեպքում»,- հայտնել է գործակալության զրուցակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ բոլոր փորձաքննություններն անցկացվելու են Հայաստանում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Նշենք՝ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն):

Պերմյակովին մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ և 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն և դասալքություն։