Home / Հայաստան / Էդվարդ Նալբանդյանը Գյումրիի սպանությանը վերաբերող հարցին, ըստ էության, չի պատասխանել

Էդվարդ Նալբանդյանը Գյումրիի սպանությանը վերաբերող հարցին, ըստ էության, չի պատասխանել

Հայաստանի արտագործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ըստ էության, չի պատասխանել այն հարցին՝ արդյոք Գյումրիի սպանության գործում խախտվել է հայ֊ռուսական համաձայնագրի այն կետը, համաձայն որի ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս կատարված իրավախախտման մեջ կասկածվող անձը պետք է հանձնվի ՀՀ իրավասու մարմիններին։ Նշենք, որ անցյալ շաբաթ Ազգային ժողովում Գյումրիի սպանության քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել էր, որ այդ հարցին պետք է պատասխանի ոչ թե ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, այլ ՀՀ արտգործնախարարը, քանի որ խնդիրը միջազգային պայմանգրին է վերաբերում։ ԱԺ մի քանի պատգամավորներ պահանջել էին Նալբանդյանի ներկայությունը խորհրդարանական լսումների ժամանակ։

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով Epress.am-ի լրագրողի հարցին՝ Նալբանդյանն ընդամենը նշել է, որ եթե ցանկացած պայմանագրի դեպքում հակասություններ են առաջանում՝ «այդ ժամանակ իրավասու կառույցները պետք է դիմեն՝ ստեղծելու հանձնաժողով»։ Նա հայտարարել է, որ եթե հանձնաժողովը որոշի, թե խախտումներ կան, այդ ժամանակ միայն խնդիրը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով։ Ով և ում պետք է դիմի հանձնաժողով ստեղծելու համար, նախարարը չի մանրամասնել։

Նալբանդյանը հավելել է միայն, որ եթե Ազգային ժողովից ԱԳՆ֊ին հրավիրեն լսումներին, ապա ինքը կամ արտգործնախարարության մեկ այլ ներկայացուցիչ Աժ֊ում կհանդիպի պատգամավորների հետ։