Home / Տեսանյութեր / Եպիսկոպոսի` խաղաղվելու կոչերը չհամոզեցին զոհված զինվորների մայրերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եպիսկոպոսի` խաղաղվելու կոչերը չհամոզեցին զոհված զինվորների մայրերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուղիղ 4 տարի առաջ այս օրը՝ հունվարի 27-ին, նախագահական նստավայրի մոտ՝ ճաղերի մյուս կողմից, զոհված զինվորների մայրերի հետ զրուցել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոստանալով, որ նրանց որդիների գործերն արդար կքննվեն, իսկ մեղավորները կպատժվեն: Այս խոստումը չի իրականացել, և այսօր նախագահականի մոտ նույն մայրերը հիշեցրել են նախագահի խոստումը՝ վառելով 4 տարի առաջ նախագահի հետ հանդիպման լուսանկարը: Նույն լուսանկարի մեկ այլ օրինակ մայրերը նետել են գետնին: Հավաքված ոստիկաններից մեկը խնդրել է չոտնահարել նախագահի լուսանկարը: «Ախր դուք էլ եք երևում այդ նկարի մեջ»,- ասում էր ոստիկանը, սակայն դա էլ չի համոզել բողոքողներին, ովքեր մի քանի անգամ կանգնել են լուսանկարի վրա, որից հետո ոստիկաններից մեկը վերցրել է լուսանկարն ու հեռացել։

Նախագահականում այսօր էլ մայրերին չեն ընդունել, այստեղ ընթանում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը:

Նիստից հետո նախագահական նստավայրից դուրս եկած եպիսկոպոս Բագրատ Սրբազանը լսել է մայրերի ձայնը և մոտեցել՝ տեղեկանալու խնդրի մասին:

Ակցիա անցկացնողները հոգևորականներին դիմում էին «էդ ո՞ւմ համար եք աղոթում, վիժվածք նախագահի՞» խոսքերով։

Բագրատ Սրբազանը մայրերին խաղաղվելու կոչ է արել: Զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, պատասխանել է, որ իրենք չեն խաղաղվի, մինչև որդիների գործերը չբացահայտվեն:

«Սենց հարց չի լուծվում, ուրիշ ճանապարհ չկա՞: Իրավական ճանապարհ, դատարան, դատ»,- խորհուրդ է տվել Բագրատ Սրբազանը:

«Մենք բոլոր ճանապարհները փորձել ենք: Արդար դատավարություն չկա: Եթե լինի գլխավոր հրամանատարի հրամանը, հարցը կլուծվի, եթե ոչ՝ չէ»,- ասել է Գոհար Սարգսյանը:

Մայրերը բողոքել են, որ եկեղեցին էլ իրենց կողքին չէ։

Մանրամասները՝ տեսանյութում․