Home / Տեսանյութեր / Ձեռներեցներն ակցիա են անելու ամեն օր․ Գյումրիում նույնպես բողոքում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ձեռներեցներն ակցիա են անելու ամեն օր․ Գյումրիում նույնպես բողոքում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փոքր և միջին ձեռնարկատերերի՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված ակցիան այսօր էլ արդյունք չի ունեցել: Ինչպես և երեկ, բողոքողների պահանջը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանդիպել ակցիայի վայրում, չի կատարվել։ Երեկ Կառավարության ղեկավարը համաձայնում էր քննարկել խնդրո առարկա «Շրջանառության հարկի մասին» օրենքը իր աշխատասենյակում ակցիայի մասնակիցներից 10 հոգու հետ, իսկ այսօր Աբրահամյանը տեղում չէր: Այդ մասին հավաքված շուրջ 1000 ձեռներեցներին ասել է ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Հավաքվածները որոշել են ամեն օր ակցիա անցկացնել մինչև օրենքի վերջնական կասեցումը։

«Մենք ամեն օր գալու ենք այստեղ, բացառությամբ վաղվա, որ տոն օր է (Հայոց բանակի կազմավորման տարեդարձը ֊ խմբ․): Առավոտից մինչև ժամը 15.00-ն լինելու ենք Կառավարության շենքի մոտ, մինչև հարցը չլուծվի»,- ասել է ձեռներեց Սամսոն Գրիգորյանը:

Նա ընդգծել է, որ նոր օրենքն ավելացնելու է կոռուպցիոն ռիսկերը ու ստիպելու է ձեռներեցներին կաշառք տալու միջոցով լուծել խնդիրները հարկային մարմինների հետ։

Դեռևս երեկվա ակցիայի ժամանակ բողոքողները տեղեկություններ ունեին մարզերից, մասնավորապես, Շիրակից, որ իրենց գործընկերներն այսօր միանալու են կառավարության մոտ անցկացվող ցույցին։

Այսօր, սակայն, Epress.am-ի լրագրողի հետ զրույցում ձեռներեցներից մի քանիսն ասել են, որ տարբեր մարզերում ճանապարհները փակվել են: Epress.am-ի հետ զրույցում Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչ, լրագրող Սոնա Առաքելյանն ասել է, որ որոշ գյումերցիներ իրենց անձնական մեքենաներով եկել են Երևան, իսկ Գյումրիում շրջանառության հարկի օրենքի դեմ ակցիան կայացել է քաղաքի հագուստի շուկայի մոտ: Այլ տոնավաճառներում առևտրով զբաղվող ձեռներեցները փակել են իրենց տաղավարները և միացել ակցիային:

Շրջանառության մասին հարկի դեմ բողոքողներն ակցիաները սկսել են 4 ամիս առաջ, ապա ժամանակավորապես կասեցրել դրանք այն բանից հետո, երբ կառավարությունը մինչև 2015-ի փետրվարի 1-ը հետաձգել է օրենքով նախատեսված ապրանքների պարտադիր գույքագրման պահանջը։ Ակցիաները վերսկսվել են երեկ, քանի որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է օրենքում այլ փոփոխություններ մտցնել։

Անցյալ տարվա ակցիաների ընթացքում առևտրով զբաղվողները նշում էին, որ հնարավորություն չունեն գույքագրել ողջ ապրանքը, քանի որ խոշոր մատակարարները հաճախ նրանց չեն տրամադրում հաշիվ-ապրանքագրեր, բացի դրանից, ապրանքը գույքագրելու դեպքում իրենց շրջանառությունն անցնելու է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 58.3 միլիոն դրամը, որից հետո նրանք ստիպված են լինելու ԱԱՀ վճարել, ինչն էլ անհնար է դարձնում փոքր և միջին ձեռնարկատերերի հետագա աշխատանքը: Նրանցից ոմանք պահանջում էին կտրուկ բարձրացնել շեմը, մյուսները՝ ընդհանրապես չեղյալ համարել նոր օրենքը:

Մասնավորապես, ոսկու առևտրի ոլորտում աշխատողներն ընդգծել են, որ նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո իրենք ստիպված կլինեն անմիջապես դադարեցնել գործունեությունը։

Որոշ փորձագետներ նշել են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի ներմուծումը Հայաստանում կվերացնի փոքր և միջին ձեռնարկատիրությունը, մինչդեռ կառավարության անդամները պնդում են, թե իրենք նպատակ ունեն խոշոր բիզնեսում ստվերի դեմ պայքարել և չեն պատրաստվում չեղյալ համարել օրենքը։