Home / Տեսանյութեր / «Սերժ Սարգսյանի նամակն Իլհամ Ալիևին»

«Սերժ Սարգսյանի նամակն Իլհամ Ալիևին»

Եթե կարողանայինք կարդալ Սերժ Սարգսյանի մտքերը և եթե նա քաջություն ունենար դրանք հրապարակել, դրանց մեջ այսպիսի մի նամակ կգտնեինք։ Նամակը մտացածին է, բայց՝ հայելանման։

«Իլհա՛մ Հեյդարովիչ,

այս սուրբ օրով՝ Հայաստանի միակ սրբության, չէ՝ Հայրենիքին, Եկեղեցուն հավասար մյուս սրբության՝ Բանակի տարեդարձի օրով գրում եմ ոչ թե հղփացած կերպով ստորացնելու ու սպառնալու համար, ո՛չ, դրանք ես կպահեմ ներքին լսարանիս համար, կանեմ տեսախցիկների առջև, այլ՝ անկեղծ շնորհակալություն հայտնելու։ Ձեր՝ արտաքին թշնամու իրական ու մտացածին կերպարն իմ գոյության կվինտէսենցիան է։ Ավելին՝ իմ իշխելու, տիրապետելու, հանքեր բացելու, ղումար խաղալու, տուն ու Սաշիկ եղբայր պահելու երաշխիքն է։ Դուք որ չլինեիք, իմ կողմից պարգևատրված, ինչպես նաև չպարգևատրված, բայց պատգամներս հլու հնազանդ կատարող լրատվամիջոցները քննարկման թեմա կդարձնեին իմ ոստիկանահեն իշխանությունը, հանքերս, տուն պահելս, Սաշիկ եղբորս, մարդ արարածին, քաղաքացիական իրավունքները, ժողովրդավարությունը և ամենակարևորը՝ գաղջ մթնոլորտից դուրս գալու ուղիները։

Դուք որ չլինեիք, երկիրս չէր դասվի համաշխարհային ինդեքսներից մեկի եռյակում․ որպես կանոն՝ Հայաստանը մարդկային բարեկեցության, ժողովրդավարության, լրատվամիջոցների ազատության, երջանիկ բնակչության, բնության պահպանության ու խնայողության սանդղակներում վերջին տեղերում է լինում։ Իսկ ահա ձեր շնորհիվ՝ ես հպարտությամբ կրում եմ աշխարհի ամենառազմականացված երկրներից երրորդի բարձր պատիվն ու համբավը, ավելի բարձր, քան ձերն է։ Այո, հպարտ եմ, որ բյուջեի մեծ մասը գնում է ռազմական ոլորտ, որ հազարապատիկ անգամ ավելի շատ պետական հովանավորություն ունի բանակը, քան երկրիս հիվանդներն ու առողջապահության ոլորտը, որ մեկ շնչին ընկնող զենքի ու զինամթերքի հաշվով մենք աշխարհի գագաթին ենք, թքած, որ շունչ չի մնում Հայաստանում, բոլորը լքում են։

Իլհա՛մ Հեյդարովիչ, եղբա՛յր իմ, շնորհակալ եմ, որ օրհասական պահերին, երբ ինձ չընտրած ժողովուրդը ոտքի է ելնում, Դուք հասնում եք օգնության․ մի քիչ սրացում սահմանային մսաղացում, և բոլորը սսկվում են։ Սա շախմատ է, դուք էլ հո գիտեք, որ ես շախմատից լավ եմ․ քայլերի նույն հաջորդականությունը կրկնվել է երեք անգամից բյուր անգամ ավելի․ ոչ շախ, ոչ մատ տեղի չի ունենում, բայց պարտիան ոչ֊ոքի չի հայտարարվում, խաղն ընդհանրապես չի ավարտվում, մենք գիտենք, որ այն ոչ֊ոքի է, բայց պետք է շարունակել խաղը։ Ես էլ իմ կողմից խոստանում եմ, որ Ձեր օրհասական պահերին, նույն կերպ պատրաստ եմ օգնել, վերջապես նույն օրի մարդիկ ենք, երկուսս էլ կախված ենք բնական ռեսուրսների հարստությունից, դուք՝ մի քիչ մեծ ծավալների, ես էլ՝ մեր հնարավորությունների մաքսիմումի սահմաններում, երկուսս էլ լռեցնում ենք մեզ բացահայտողներին ու դիմադրողներին՝ ես մի քիչ քաղաքակիրթ ձևով՝ ավտովթարների, կաշառք վերցնելու, ոստիկանին դիմադրելու պատրվակներով, Դուք՝ ավելի կոշտ ձևով, առանց պատրվակի։

Նամակս լիարժեք չէր լինի, եթե չհիշատակեի Վլադիմիր Վլադիմիրովիչին ունեցած երախտիքս․ մեր համատեղ մսաղացում նրա դերը մեծ է, պարտիայի հաշիվ պահողն էլ ինքն է, չմոռանաք իր կենացը խմել առաջիկա կերուխումին։

Դե ինչ, այս խաղն անվերջ է, երկուսս էլ՝ անպարտելի։

Երախտագիտությամբ,

Սերժ Սարգսյան»

Աննա Շահնազարյան