Home / Տեսանյութեր / Ինչու էին սևազգեստ մայրերը Բանակի օրը մտել Օպերայի դահլիճ

Ինչու էին սևազգեստ մայրերը Բանակի օրը մտել Օպերայի դահլիճ

Հայաստանի զինված ուժերում տարբեր ժամանակներում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը հերթական անգամ բողոքի էին դուրս եկել Օպերայի շենքի մոտ՝ պահանջելով բացահայտել իրենց երեխաների մահվան իրական հանգամանքները և մեղավորներին։ Քիչ անց նրանք մտան Օպերայի դահլիճ, որտեղ Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել։

Ծնողները ներս մտան, բայց ոչ թե համերգը դիտելու համար, այլ լսելու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը, որը, ինչպես նախորդ դեպքերում, հիասթափեցրեց նրանց։

Epress.am-ի հետ զրույցում 2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, նշել է, որ խաղաղ պայմաններում զոհվածները կրկին դուրս են մնացել երկրի ռազմական ղեկավարության ուշադրությունից։

«Նրանք հիշատակում են և խոնարհվում թուրքի գնդակից զոհվածների, առջև մոռանում «ներքին թուրքի» կողմից սպանվածների մասին։ Կարծես, մեր երեխաները բանակ չեն գնացել։ Զինվոր են եղել՝ լավ զինվոր։ Դրա մասին վկայում են ծառայության ընթացքում իրենց շնորհված պատվոգրերը և խրախուսումները։ Այդ երեխաներն էլ են հայրենիքի պաշտպան և պատրաստ էին կռվել և զոհվել երկիրը պաշտպանելով, բայց իրենց չթողեցին դա անել, իրենց սպանեցին», – ասել է Մուրադյանը։