Home / Տեսանյութեր / «Տագնապալի է»․ 2014֊ին Հայաստանում լրագրողների իրավունքների խախտման 65 դեպք է արձանագրվել

«Տագնապալի է»․ 2014֊ին Հայաստանում լրագրողների իրավունքների խախտման 65 դեպք է արձանագրվել

2013 թվականի համեմատ 2014 թվականին լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտման դեպքերը նվազել են՝ 77-ից հասնելով 65֊ի: Այս մասին վկայում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարեկան զեկույցը: Չնայած այդ փաստին, զեկույցի հեղինակներն այս փոփոխությունը հուսադրող չեն համարում, քանի որ 2014 թվականին, ի տարբերություն 2013-ի, համապետական ընտրություններ չեն եղել, որոնց ընթացքում սովորաբար լրագրողների իրավունքներն ավելի շատ են խախտվում։ Իրավունքների խախտման նշված թիվը Խոսքի ազատության կոմիտեն տագնապալի և մտահոգիչ է համարում:

Ըստ զեկույցի՝ 2014 թվականին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 9 դեպք է գրանցվել (նախորդ տարի՝ 10-ը), լրագրողների նկատմամբ ճնշումների՝ 43 արձանագրված փաստ (նախորդ տարի՝ 57), տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման՝ 13 դեպք (նախորդ տարի՝ 10):

Ներկայացնելով զեկույցը՝ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատել է, որ ներկայացված թվերը չեն հավակնում բացարձակ ճշմարտություն լինել, քանի որ շատ դեպքերում լրագրողները չեն բարձրաձայնում իրենց իրավունքների խախտումների մասին:

2014 թվականի ընթացքում դատարաններում վարույթ է ընդունվել ԶԼՄ-ների գործունեությանն առնչվող 22 նոր հայց: Խոսքի ազատության կոմիտեի փորձագետ Վասակ Դարբինյանը նշել է, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բռնությունը մեծ մասամբ կիրառվել է ոստիկանության կողմից: Դարբինյանը հիշեցրել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի և ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքը։ Նա շեշտել է, որ ոստիկանների կողմից բռնության ենթարկված լրագրողներից ոչ մեկին չի հաջողվել դատական կարգով վերականգնել իր խախտված իրավունքը: Եղել են դեպքեր, երբ գործը նույնիսկ դատարան չի հասել:

«ՀՀ դատախազությունը հանձնարարում է ՀՔԾ-ին զբաղվել միջադեպով, իսկ վերջինս կոծկում է գործը՝ ստանդարտ «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ: Եվ դա այն դեպքում, երբ բռնության ու խոչընդոտման փաստերը նկարահանված են և տեղադրված են համացանցում», – նշում են զեկույցի հեղինակները:

Նման դեպքերից է Ազգային ժողովի մոտ a1plus.am կայքի լրագրող Մարինե Խաչատրյանի բռնության ենթարկվելու փաստը ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանի կողմից։

Լուսանկարում՝ Կարեն Հայրապետյանը և Մարինե Խաչատրյանը ԱԺ֊ի մոտ միջադեպի ժամանակ