Home / Հայաստան / Կալանավորը վաղաժամ ազատվելու մերժումը բողոքարկելու է դատարանում

Կալանավորը վաղաժամ ազատվելու մերժումը բողոքարկելու է դատարանում

Դատապարտյալ Արտակ Հակոբյանի՝ վաղաժամ ազատման մասին դիմումը երրորդ անգամ մերժվել է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ֊ի պետ Արամ Խաչատրյանի կողմից։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է Հակոբյանի կինը՝ Հայաստան Հակոբյանը։ Նրա խոսքով՝ որոշումը բանտի պետը հիմնավորել է նրանով, որ Հակոբյանն ուներ տույժեր։ Մինչդեռ, ըստ դատապարտյալի, իր տույժերը մարվել են 6 ամիս առաջ, ինչն օրենքով թույլ է տալիս դիմել հանձնաժողովին։

Կողմը որոշումը բողոքարկելու է դատարաններում։

Հայաստան Հակոբյանը նշել է, որ այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ վաղաժամ ազատման հանձնաժողովը կոռումպացված է և խտրականություն է դրսևորում։ Հակոբյանը օրինակ է բերել Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդի Դավիթ Վարդանյանի դեպքը։

Վարդանյանը դատապարտվել էր մաքսանենգության և թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար, սակայն պայմանական վաղաժամ ազատվել էր դատավճռից ընդամենը 3 ամիս անց։ Նա ազատազրկվել էր 4 տարի 6 ամիս ժամկետով։

Հակոբյանը խուլիգանության հոդվածով դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման, որից 4 տարի և 3 ամիս նա արդեն անցկացրել է բանտում: 2013 թվականին Հակոբյանի պատիժը կրճատվել է 1 տարով: Դատապարտյալի՝ պատժից ազատվելուն մնացել է 2 ամիս։