Գլխավոր / Հայաստան / «Արցախն անկախ պետություն է»․ Ինչպես էին ծեծում ավտոերթի մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արցախն անկախ պետություն է»․ Ինչպես էին ծեծում ավտոերթի մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը շաբաթ օրը Լաչինում (Բերձոր) չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իր անդամներին ծեծի ենթարկելու և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ավտոերթի ընթացքում մեքենաները ջախջախելու վերաբերյալ տեսանյութ է տարածել։

Տեսանյութի սկզբում ավտոերթի մասնակից մեքենաներից մեկին մոտենում է ոստիկանը, պահանջում է վարորդի փաստաթղթերը և հայտարարում է, որ «ռեյդային ստուգումներ են» իրականացվում։ Այնուհետև երևում է, թե ինչպես են ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք մահակներով սկսում ջարդել մեքենաները։

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթից դժգոհ մոտ 100 քաղաքացիներ հավաքվել և եկել են սահման, որպեսզի «թույլ չտան ավտոշարասյան մուտքը Արցախ», իսկ ոստիկանությունը պատնեշ է ստեղծել նրանց և ավտոերթի մասնակիցների միջև։ Բաբայանի խոսքով՝ ավտոերթի մասնակիցներին հորդորել են վերադառնալ, բայց նրանք հորդորները ոչ միայն չեն ընդունել, այլև «քայլեր կատարել, որի ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»։

Բաբայանը ենթադրել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները «պրովոկացիայի են ենթարկել, ինչ֊որ հայհոյանքներ են եղել»։

««Նախախորհրդարանի» (Հիմնադիր խորհրդարանի նախկին անվանումը ֊ խմբ․) կազմակերպած այդ ակցիան բացասական արձագանք է գտել ամբողջ Արցախում։ Կազմակերպիչներին նախօրոք տեղեկացրել են այդ ամենի մասին ամենաբարձր մակարդակով։ Հորդորել են իրենց, որպեսզի զերծ մնան նման քաղաքականությունից, նման նախաձեռնությունից, նրանք որևէ կերպ չեն արձագանքել։

Ի՞նչ կապ ունի Արցախը ՀՀ ներքին քաղաքական զարգացումների հետ, իշխանափոխության։ Արցախն անկախ պետություն է, չի քվեարկել [Հայաստանում] ոչ նախագահի, ոչ խորհրդարանի, ոչ այլ ինչ-որ մարմինների ձևավորման համար։ Եվ վերջապես նման լոզունգները, որ Արցախը Հայաստանի մարզն է, և այլն, և այլն, Արցախում բացասական արձագանք են ստանում, որովհետև մենք ամեն վայրկյան զգում ենք թշնամու ազդեցությունը՝ Ադրբեջանի»։