Home / Հայաստան / «Ստեփանակերտի մասնաճյուղն ինքնուրույն չէր կարող անել»․ ավտոերթի մասնակիցների ծեծի մասին

«Ստեփանակերտի մասնաճյուղն ինքնուրույն չէր կարող անել»․ ավտոերթի մասնակիցների ծեծի մասին

Այն, ինչ կատարվեց «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության երթի ժամանակ, առանց երևանյան ռեժիմի հնարավոր չէր անել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախաձեռնության անդամ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը:

«Ստեփանակերտյան մասնաճյուղն ինքնուրույն չէր կարող անել դա», ֊ ասել է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը ծրագրված ահաբեկչական գործողություն էր։ Լեռնային Ղարաբաղի սահմանի մոտ եկածների նպատակն էր բախում սադրել, որի հիման վրա կկարողանային ծեծուջարդի ենթարկել երթի մասնակիցներին։ Ըստ Ավետիսյանի՝ երբ սադրանքը չհաջողվեց ու երթի մասնակիցները որոշեցին վերադառնալ, զինված ոստիկանները անցան «պլան բ֊ին»՝ հարձակվեցին ու սկսեցին ծեծուջարդի ենթարկել մարդկանց։

Ավետիսյանն ասել է, որ հատուկ ծրագիր էր մշակվել առևանգելու ու ծեծի ենթարկելու Ալեք Ենիգոմշյանին, որի փոխարեն սխալմամբ առևանգել են արտաքնապես նրան նման երթի մեկ այլ մասնակցի։

«Սլեպոյին (կույրին) բռնել ենք։ Դե սատկացրեք», ֊ Ավետիսյանի փոխանցմամբ՝ հարձակվողների խոսակցությունն է լսել ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։

Բանախոսը հորդորել է զերծ մնալ ղարաբաղցիների ու հայաստանցիների միջև ատելություն սերմանելուց։

«Արցախաբնակ բնակչությունը կրկնակի գաղութացված է, նրանք մեզ սպասում էին, իսկ դա իրականացրել են ռեժիմի մի քանի խամաճիկներ ու բաշիբոզուկներ», ֊ ասել է Ավետիսյանը։ 

Նա նշել է, որ դեպքի առնչությամբ չի պատրաստվում դիմել պատկան մարմիններին։

«Ռեժիմին դիմելու կարիք ու միամտություն չունեմ», ֊ ընդգծել է նա։

Նշենք, որ հունվարի 31-ին Լաչինում (Բերձոր) ԼՂՀ ոստիկանության ներկայացուցիչները և քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, ովքեր ավտոերթ են կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Հարձակվողները նաև ջարդել են երթի մասնակիցների մեքենաները։