Home / Հայաստան / Թուրքիան Շիշլիի գերեզմանատունը վերադարձրեց հայ համայնքին

Թուրքիան Շիշլիի գերեզմանատունը վերադարձրեց հայ համայնքին

Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող, 700 միլիոն թուրքական լիրա (շուրջ 286 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ հայկական գերեզմանատան սեփականության իրավունքը 80 տարի անց վերադարձվել է Բեյօղլու թաղամասի «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամին, հայտնում է թուրքական Vatan պարբերականը։

Պատմական հայկական գերեզմանատունը զբաղեցնում է 41,950 քառ․ մետր տարածք։ «Երեք խորան» եկեղեցու հիմնադրամը սեփականության իրավունքը վերադարձնելու խնդրանքով Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը դիմել էր 2011 թվականին։ Հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Սիմոն Չիչեկի խոսքով՝ Ստամբուլի հայերին որոշումը շատ է գոհացրել։

2012 թվականին Հիմնադրամների գլխավոր վարչությունը 40,500 քառ․ մետր տարածք զբաղեցնող մեկ այլ հայկական գերեզմանատուն վերադարձրել էր Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին, իսկ 42,000 քառ․ մետրանոց մեկ այլ տարածք՝ ներառյալ Զեյթինբուրնու թաղամասի մարզադաշտը՝ հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին։