Home / Տեսանյութեր / «Հիմնադիր խորհրդարանը» չի բողոքելու․ արդյո՞ք բռնության դեպքի վերաբերյալ քրգործ կհարուցեն

«Հիմնադիր խորհրդարանը» չի բողոքելու․ արդյո՞ք բռնության դեպքի վերաբերյալ քրգործ կհարուցեն

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը չի պատրաստվում դիմել ոչ ՀՀ, ոչ ԼՂՀ իրավապահ մարմիններին իր անդամների վրա Լաչինում (Բերձոր) հարձակման կապակցությամբ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա ասել է, որ իրենց շարժումը թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի իշխանություններին համարում է օկուպանտներ և նրանցից արդարադատություն չի սպասում: Ավետիսյանի խոսքով՝ Բերձորի դեպքը կարող է բացահայտվել և մեղավորները կպատժվեն միայն օրինական իշխանությունների հաստատումից հետո:

Փաստաբան Հայկ Ալումյանը Epress.am-ի հետ զրույցում հաստատել է, որ վնասվածքների ծանրությունից է կախված՝ արդյոք քրեական գործ հարուցելու համար պարտադիր է տուժողների հաղորդում ներկայացնելը։

Փաստաբանի խոսքով՝ այս իրավիճակում, անկախ ամեն ինչից, ԼՂՀ քննչական մարմինները նախ և առաջ պետք է դատաբժշկական փորձաքննություն նշանակեն, դրա արդյունքները ստանալուց հետո միայն կարող է կայացվել որոշում քրեական գործ հարուցել, թե գործը կարճել:

Epress.am֊ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը քրեական գործ չհարուցելը բացատրել է նրանով, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ տարածիքից դուրս, չնայած՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ԼՂՀ ոստիկանապետին մանրակրկիտ ծառայողական քննություն անցկացնել տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ և զեկուցել արդյունքների մասին:

«Ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին`ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու և հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել համապատասխան միջոցառումներ: Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետևանքներ: Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից և բախումներից, ինչն ստացավ հանրային հնչեղություն»,- ասված է ԼՂՀ նախագահի պաշտոնական էջում: