Home / Տեսանյութեր / «Լուծում չէ». ԱԺ-ն հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի կետերից մեկի կիրառումը

«Լուծում չէ». ԱԺ-ն հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի կետերից մեկի կիրառումը

Ազգային ժողովը մինչև հուլիսի 1-ը հետաձգել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում պարտադիր փաստաթղթավորման պահանջը: Նախագծին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 40 պատգամավոր: Ձեռնպահ են քվեարկել ԲՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ խմբակցությունները, կողմ՝ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն: ԲՀԿ-ական Նաիրա Զուրաբյանը հայտարարել է, որ օրենքի ընդունման հետաձգումը ընդամենը նշանակում է հարցը ձգձգել և դրան լուծում չտալ:

Օրենքն ամբողջությամբ չընդունելու պատճառը հունվարի վերջին տասնօրյակում փոքր և միջին բիզնեսով զբաղվող հազարավոր մարդկանց բողոքի ակցիաներն են։ Պարտադիր փաստաթղթավորման պահանջի ընդունումը հետաձգվում է երկրորդ անգամ․ անցյալ տարվա սեպտեմբերի վերջին անցկացված ակցիաներից հետո ՀՀ կառավարությունն այդ կետի ուժի մեջ մտնելը հետաձգել էր մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը։

Նման որոշումից դժգոհ են նաև ձեռներեցները, ովքեր երկուշաբթի օրն Աժ֊ի մոտ անցկացված ակցիայի ընթացքում բարձրաձայնել են այդ մասին, ընդգծելով, որ իրենք հարցի լուծում են ուզում, ոչ թե «սեզոնային ակցիաների» հանգեցնող հետաձգումները:

Նրանք պնդում են, որ հնարավորություն չունեն գույքագրել ողջ ապրանքը, քանի որ խոշոր մատակարարները հաճախ նրանց չեն տրամադրում հաշիվ-ապրանքագրեր, բացի դրանից, ապրանքը գույքագրելու դեպքում իրենց շրջանառությունն անցնելու է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 58.3 միլիոն դրամը, որից հետո նրանք ստիպված են լինելու ավելի մեծ հարկ վճարել, ինչն էլ անհնար է դարձնում փոքր և միջին ձեռնարկատերերի հետագա աշխատանքը: Նրանցից ոմանք պահանջում էին կտրուկ բարձրացնել շեմը, մյուսները՝ ընդհանրապես չեղյալ համարել նոր օրենքը: