Home / Հայաստան / Գյումրիի բախումների գործով երիտասարդի են ձերբակալել

Գյումրիի բախումների գործով երիտասարդի են ձերբակալել

Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22֊ամյա Մնացական Ալեքսանյանին այսօր հրավիրել են Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին՝ որպես վկա ցուցմունք տալու Գյումրիում հունվարի 15-ին գրանցված բախումների գործով և ձերբակալել են, հայտնում է asparez.am-ը: Երիտասարդին անցած օրերին մի քանի անգամ տարել են ոստիկանություն եւ հարցաքննել ոստիկանների հետ բախումների գործով:

Aravot.am-ի հետ զրույցում երիտասարդի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանն ասել է, որ որդու ձերբակալության լուրը հեռախոսով իրեն հայտնել է Շիրակի մարզի դատախազի տեղակալը: Կայքը գրում է, որ ձերբակալության պատճառ դարձել է այն, որ տղան իբր քարը որպես զենք է օգտագործել: Հայրը փոխանցել է, թե կադրերում հստակ երևում է, որ իր տղան ձեռքին փոքր քար է ունեցել, այն շպրտել է շիթի ուղղությամբ, այնուհետ հենց ինքն է հանգստացրել ժողովրդին, որ բախումներ չլինեն: 

Հունվարի 15-ին Գյումրիից հեռարձակվող կադրերից երևում է, թե ինչպես է երիտասարդը զրուցում ՀՀ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Ալեքսանյանը հանդիմանում էր պատգամավորին, որ վերջինս ոստիկանության մեքենա էր նստել:

«Մի հատ հարց, ճիշտ եք գտել ոստիկանության մեքենայով հայտնվել Գյումրու փողոցներում։ Իմ հարցին դրական կամ բացասական պատասխանեք։  Ցանկացած լեննականցու մի հատ ասեիք՝ ինձի տարեք Լոնդոն, ձեզ կտաներ, բայց շան ավտո չնստեիք», – ասել էր երիտասարդը։

Զարուհի Փոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում ձերբակալությունը պատահական չի համարել՝ կարծիք հայտնելով, որ դրանով վախի մթնոլորտի սկիզբ են դնում Գյումրիում:  

Galatv.am-ի փոխանցմամբ՝ ձերբակալված Մնացական Ալեքսանյանն այս պահին գտնվում է Ախուրյանի ՁՊՎ-ում ՝ առանց փաստաբանի, այն դեպքում, երբ փաստաբան Հայկ Հարությունյանը Մնացականի հարազատների հետ գտնվում է Ախուրյանի ՁՊՎ-ում, իսկ ոստիկաններն արգելում են փաստաբանի մուտքը այնտեղ:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հազարավոր մարդիկ դուրս են եկել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ՀՀ իրավասու մարմիններին հանձնել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին: Մարդկանց մի մասը երթով գնացել էր դեպի ՌԴ հյուպատոսություն, նրանց ճանապարհը փակել են ոստիկանները, սկսվել են բախումներ: Հետագայում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով հարուցվել էր քրեական գործ, սակայն մինչ օրս ձերբակալվածներ չկային։ Որպես վկա Գյումրում հարցաքննվում էին երթի մասնակիցներից շատերը։

Լուսանկարում՝ հունվարի 15-ի ցույցի մասնակիցները